«ՀՀ-ի անունից այս պահին ցավոք սրտի հիմնական բանակցող Նիկոլ Փաշինյանը, կապված է, թույլ տվեք ասել, հանցավոր ու ազգակործան պայմանավորվածություններում՝ տարբեր ուժերի հետ: Դրանք տեսանելի եւ Հայաստանի ու Արցախի հանդեպ այս պահին ընթացող գործընթացները, առաջին հերթին, արդյունք են հենց դրա»,- այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, ընդունած հայտարարության մեջ, ՀՀԿ ԳՄ-ն պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անհապաղ հրապարակի բոլոր այն բանավոր պայմանավորվածությունները, որոնք ինքը ձեռք է բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:
Այս համատեքստում, անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշեն արցախցիները, Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դասական «օվերտոնի պատուհան» էր, որը, որն ավելի լայն փորձում են բացել ՔՊ-ական երեսփոխանները՝ հասարակության համար ընդունելի եւ ընկալելի դարձնելով այն անհասկանալի մոտեցումները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց: Հայկ Մամիջանյանը խորապես համոզված է, որ անկախ օրվա իշխանության ամեն տեսակ հայտարարություններից եւ վարքագծից, ՀՀ-ի, հայության համար՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը եղել է, կա եւ կլինի անընդունելի. «Պատահական չէ, որ դա ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում է գրած, որովհետեւ դա մեր երկրի համար, առաջին հերթին, գոյաբանական խնդիր է: Որքան որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, նույնչափ, եթե չասեմ դրանից ավել, Արցախը՝ Հայաստանի անվտանգության երաշխավորն է»:
Ուստի, հիմնվելով ոչ միայն տեսանելի քաղաքական գործընթացների վրա, այլ նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ օրերս արած այն հայտարարության վրա, որ Փաշինյանը պիտի ազնիվ ու անկեղծ լինի իր ժողովրդի հետ եւ պատմի այն պայմանավորվածությունները, որոնք առկա են, ՀՀԿ-ում գտնում են, որ ՀՀ եւ ԱՀ քաղաքացիները պետք է իմանան, թե ժողովրդի մեջքի ետեւում ի՞նչ է բանակցել, խոստացել եւ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում այդ գաղտնազերծումները Հայկ Մամիջանյանը էական է համարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը՝ «լավ էլ հասկանալով» է կործանում պետությունն ու պետականությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ