Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի ընդդիմադիրներին հնարավորություն տանք, որ գան եւ աշխատեն, որովհետեւ սխալ է պարազիտանալ հարկատուների վրա». Կոնջորյան

Հունվար 13,2023 20:15

Այսօր ԱԺ խորհրդի նիստում պետք է քննարկվեր շատ բացակա ունեցող ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ խորհրդի ընդդիմադիր անդամները չեն ներկայացել նիստին, ուստի այդ հարցի քննարկումը մեկ շաբաթով հետաձգել են: Դա է օրենքի պահանջը. «Եթե մեկ շաբաթ հետո չեն գալիս, ապա հարցը կարող է քննարկվել իրենց բացակայության պայմաններում:

Սակայն ՔՊ խմբակցությունն իր նիստում քննարկել է այդ հարցը: «ԱԺ կանոնակարգի» համաձայն, պատգամավորների կողմից քվեարկությունների կեսից ավելի չմասնակցության դեպքում հարցն ավտոմատ կերպով մտնում է խորհրդի նիստի քննարկման՝ անկախ որեւէ մեկի նախընտրության կամ հայեցողության: Եվ այսօր այդ տրամաբանությամբ, քանի որ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ նստաշրջանի ընթացքում նորից բացակայությունները գերազանցել են, հարցը մտել էր օրակարգ: Մենք քննարկել ենք, տարբեր տեսակետներ են եղել ՔՊ խմբակցությունում, մենք որոշել ենք այնուամենայնիվ, այս անգամ եւս չդիմել ՍԴ, որ այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն խորհրդարանում: Դա մեր քաղաքացիների նկատմամբ մեր հարգանքի դրսեւորումն է»:

Կոնջորյանն ասաց, որ ընդդիմադիրները արդեն գալիս են ԱԺ, մասնակցում են հանձնաժողովների նիստերին. «Կարծում եմ, մենք պիտի այդ հնարավորությունը տանք, որ գան եւ աշխատեն, որովհետեւ ընդհանրապես սխալ է պարազիտանալ հարկատուների վրա եւ չարդարացնել այն սպասելիքները, որոնք քաղաքացիները ձեւավորել են այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ»:

Հարցին՝ կա տեսակետ, որ քննարկվում է կոնկրետ Սեյրան Օհանյանին ու Իշխան Սաղաթելյանին մանդատից զրկելու հարցը՝ Կոնջորյանը վստահեցրեց, որ անձնավորված հարցը չեն քննարկել:

Հարցին՝ միջազգային կառույցների պատճառո՞վ չեն ուզում այսպես ասած պատժել ընդդիմադիրներին, որովհետեւ կասեն՝ ժողովրդավարական երկրում նման քայլի են գնում՝ Կոնջորյանը պատասխանեց. «Ժողովրդավարական մեթոդներին մեր հավատարիմ մնալը տեսել են բոլորը, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերները, այնպես որ, բոլորի համար ամեն ինչ պարզ է: Ընդհանրապես աշխարհի ժողովրդավարական երկրներում քաղաքական բոյկոտը մի բան է, բայց քաղաքական անպատասխանատվությունը այլ բան է: Այնպես չի, որ եթե ժողովրդավարություն է, ազատություն է, ապա դա ենթադրում է ամենաթողություն եւ ում խելքին ինչ փչի, պիտի անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031