44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, արձագանքել է արդեն մեկ ամսից ավելի պատանդառության մեջ գտնվող արցախցիների՝ Երեւանում մնացած երեխաներին օգնել-աջակցելու «Հայելի» ակումբի նախաձեռնությանը:
Դիմելով հայաստանաբնակ հայրենակիցներին՝ տիկին Նաիրան ասաց. «Երեխաներն առանց ծնողների հայտնվել են այստեղ՝ ընդամենը մեկ հագուստով: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս օգնությունը շատ-շատ անհրաժեշտ է: Մեկ րոպե պատկերացրեք, որ նրանք կարող էին լինել ձեր երեխաները, որոնք ինչ-որ տեղ են առանց ձեզ, առանց ուշադրության:
Շատ եմ ուզում հավատալ, որ մենք ազգովի ինչ-որ բան մեզնից ներկայացնում ենք, որ միայն նոր տարվա սեղանների զարդարման, կենացների շուրջ չենք հավաքվում, այլ ունակ ենք նաեւ ամենահասարակ գործողությունների: Իսկ սա մի գործողություն է, որը ձեզանից չի պահանջում ինչ-որ զոհողություն: Պարզապես, ասում ենք. յուրաքանչյուրդ եթե մի փոքր գումար, հագուստ կամ մի որեւէ անհրաժեշտ բան կարող եք տրամադրել, նվիրել, դա մեծ աջակցություն կլինի Արցախի մեր երեխաներին: Պետք է մտածենք, որ եթե ուրիշ որեւէ գործում չենք կարող օգնել մեր արցախցի քույրերին ու եղբայրներին, գոնե այս փոքր խմբերին, որ այսօր այստեղ են, ներառյալ փախստականները, որոնք 40 հազար նպաստի հույսով ինչպիսի պայմաններում են ապրում, դրանով շատ մեծ հարց ենք լուծում: Իմ խնդրանքն է, որպեսզի մենք գոնե խոսքից անցնենք ինչ-որ գործողությունների:
Առաջին անգամ ենք նման բանով զբաղվում եւ հաշվետու ենք լինելու ակցիայի մասնակիցներին: Մի ձեւ պետք է անպայման մշակվի հաշվետվություն ներկայացնելու համար, թե գումարներն ինչպես են ծախսվել, որ իրապես ծառայել են իրենց նպատակին, որպեսզի որեւէ կասկած չլինի, թե այդ գումարները փոշիացվել են»:
Կարդացեք նաև
Անհետ կորածի հարազատ Եղիշ Զաքունցը, որը նույնպես միացել է նախաձեռնությանը, ավելացրեց. «Երեխաներին, որ ջերմության եւ ուշադրության մեծ կարիք ունեն, հարկ է, որ մենք ժամանակ տրամադրենք: Ովքեր ցանկություն ունեն, թեկուզ արտերկրից, կարող են մեզ հետ կապ հաստատել: Մենք այստեղից գնալու ենք այդ երեխաների մոտ: Կտեսնենք, թե ինչի կարիք ունեն եւ դրանք կհանրայնացնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ