Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց 93-րդ եւ կանանց 78-րդ բարձրագույն խմբի առաջնությունները:
Տղամարդկանց առաջնության առաջին տուրի Ռոբերտ Հովհաննիսյան-Սարգիս Սարգսյան պարտիան չկայացավ Սարգիս Սարգսյանի չներկայանալու պատճառով: Բանն այն է, որ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ծառայում է հայոց բանակում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայում հույս ունեն, որ շախմատիստը երկրորդ տուրից կհասցնի միանալ մյուսներին:
Կանանց առաջնությանը չի մասնակցում հանրապետության դեռեւս գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը: Կանանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը Aravot.am-ի հարցին, թե ինչն է պատճառը, պատասխանեց. «Մարիամը կանանց ազգային հավաքականում իր տեղն ունի: Թերեւս, դա կարող է պատճառ լինել: Բացի այդ, նա պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Հավանաբար, դրա համար ընտրել է այս օրերին Շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 13-րդ միջազգային հուշամրցաշարը, որտեղ նախ սահմանված է տղամարդկանց գրոսմայստերի միջազգային նորմա, ապա հանդես են գալիս բավականին ուժեղ շախմատիստներ: Կարծում եմ, Մարիամն այդ մրցաշարն իր համար դիտարկում է որպես մարզումային փուլ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ