Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորը որակյալ արդյունք ստանալու սկզբունքի պահպանումն է». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

Հունվար 13,2023 17:56

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված  անձանց հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  «Կրթության  զարգացման  և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, նախարարության հանրակրթության վարչության և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ դասագրքերի ստեղծման և տպագրման գործընթացները ենթարկվել են էական փոփոխությունների: Դրանց առնչությամբ կարող են բազմաթիվ հարցեր առաջանալ, որոնք պարզաբանելու նպատակով էլ նախաձեռնվել է հանդիպումը.

«Նախևառաջ, գործընթացի կարգավորման համար արդեն ունենք նոր կարգեր: Մշակվել և հաստատվել է առանձին կարգ դասագրքերի ստեղծման մասին, հրապարակվել են նաև գնահատման չափանիշները, որոնք թույլ են տալիս ավելի լավ պատկերացում կազմել գործընթացի մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դասագրքերի ստեղծման կարգը հաստատվել է մի շարք գրահրատարակիչների հետ ունեցած երկար և բազմաշերտ քննարկումների արդյունքում:

«Փոփոխված ընթացակարգերի արդյունքում բոլորիս նպատակն այն է, որ կարողանանք ունենալ հնարավորինս որակյալ ուսումնական նյութեր, դասագրքեր, որոնք կօգնեն հանրակրթության նոր չափորոշիչների համաձայն՝ կրթությունը դարձնել ավելի որակյալ և արդյունավետ: Այդ նպատակով կարիք ունենք ձևավորելու մրցակցային դաշտ, որովհետև ցանկացած պարագայում այն առաջ է բերում տարբեր մոտեցումներ և հնարավորություններ՝ օգնելով ընտրել լավագույն առաջարկը»,- ավելացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ գործընթացի մասնակցային դառնալու հնարավորությունները փորձ է արվել էապես մեծացնել:

Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչ է մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության փուլ և բովանդակային գնահատման փուլ:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծման գործընթացը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ, լավարկումների և լրամշակումների անհրաժեշտություն ևս կարող է լինել. «Մենք բաց ենք քննարկումների համար: Մեզ համար կարևորը գործընթացի լավարկման միջոցով որակյալ արդյունք ստանալու սկզբունքի պահպանումն է»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դասագրքերի ստեղծման ֆինանսավորմանը՝ պարզաբանելով, որ նախահաշվային արժեքի ձևավորման համար հիմք են ծառայել ԿԳՄՍՆ-ի կողմից գիտահրատարակչության ոլորտում գիտական գրականության ձեռքբերման ծրագրով գործող միավոր արժեքները, ինչպես նաև դասագրքերին ներկայացվող պահանջները:

Հրատարակչությունների ներկայացուցիչներն ու դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված անձինք ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մրցութային կարգի, գնահատման չափորոշիչների, փորձաքննության և այլնի հետ:
Հիշեցնենք՝ դրամաշնորհային մրցույթի արդյունքում փորձաքննությունն անցած և հաղթող ճանաչված յուրաքանչյուր դասագրքի համար (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր չափաբաժնից 2 դասագիրք) տրվում է 6,300,000 ՀՀ դրամ:

Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներից է օրինակ այն, որ դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը, դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, դասագրքում պետք է նաև ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031