«Եթե ՀՀ ղեկավարությունը գտնում է, որ ՀՀ պետական շահերին հակասում է ՀՀ պետական տարածքում իրականացնել զորավարժություններ, նշանակում է՝ դրա հիմքերն ունի, ՀՀ ղեկավարությունը սպասարկում է Հայաստանի պետական շահերը, դուք փորձում եք ներկայացնել այլ երկրի շահեր, որովհետեւ ՀՀ ղեկավարությունը շատ պարզ ու պատասխանատու կերպով որոշումներ է կայացնում: Մի՛ փորձեք մեր պետական շահերի սպասարկումը ներկայացնել որպես թուլություն»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքական օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել. «Մենք դադարել ենք լինել անլեզու կամակատար մեր գործընկերների ու դաշնակիցների: Ժամանակն է, որ մեր գործընկերներն ու դաշնակիցները պատկերացնեն ինչ է դաշնակից լինել»,- ասաց Արսենյանը՝ վստահեցնելով,որ այդ մասին ինքն ասել է ե՛ւ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ե՛ւ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը քննարկման էր դրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Բերձորի միջանցքը շրջափակված է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործունեության, այլ նաեւ Հայաստանի դիրքորոշման պատճառով, որովհետեւ Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
Արսենյանն ասաց. «Այն փաստը, որ ՌԴ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը, մեր համար դա ակնհայտ է»: Նա պատրաստ էր մանրամասներ ներկայացնել մասնավոր զրույցներում. «Մենք սպասարկելու ենք մեր պետական շահերը: Մեր պետական շահերի սպասարկման գործընթացում ընդունելու ենք որոշումներ: Այդ որոշումները կարող է լինեն ցավոտ: Կարող է լինեն առաջին հայացքից որոշ մարդկանց համար անհասկանալի, բայց այդ որոշումների հիմքում դրված է ՀՀ պետական շահը: Մենք ՀՀ ազգային գործիչներ չենք, պետակա՛ն գործիչներ ենք»:
Ըստ Արսենյանի, երբ ընդդիմադիրներն արցախցիներին անընդհատ ասում են՝ ցեղասպանվելու եք, չեք կարողանալու այնտեղ ապրել, նշանակում է Արցախի մեր հայրենակիցներին դնում են վատ ընտրության առջեւ՝ լքել հայրենիքը կամ կոտորվել. «Դա է ձեր առաջարկը իրենց, ես նման առաջարկ չունեմ իմ հայրենակիցներին, որոնք ապրում են Արցախում, որովհետեւ այդ մարդիկ 2000 տարի այնտեղ ապրել են ու 2000 տարի էլ ապրելու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ