«Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը նպատակ ունի լրացնել ուսուցիչների թվաքանակն այն բնակավայրերում, որտեղ դրա կարիքը կա։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ուսուցիչների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման գործող կարգով՝ փոխհատուցումը տրամադրվում է միայն այն ուսուցիչներին, որոնք մի բնակավայրից գնում են այլ բնակավայր՝ դասավանդելու, եւ սրա շնորհիվ լրացվում է ուսուցիչների քանակը։ Նախարարի փոխանցմամբ՝ այս մոտեցումը վերանայվելու է եւ հնարավորություն է ընձեռվելու նաեւ բնակության վայրի փոփոխության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դիմեց Ժաննա Անդրեասյանին․ «Կապանից Որոտան ուսուցիչները գնում են «ուազիկով»։ Ոչ հարիր պայմաններից են օգտվում։ Հարցը կարգավորվելո՞ւ է այս փոփոխությամբ»։
Նախարարը պատասխանեց՝ այո․ «Այս պահին փոխհատուցում տալիս ենք հինգ կմ եւ ավելի հեռավորության դեպքում։ Բայց քաղաքականության թիրախը պարզ չէ։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ խնդիր ենք լուծում։ Փոխհատուցումը տրամադրվում է այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում չունենք ուսուցիչ։ Այսօր այդպես չի։ Այսօր եթե ուսուցիչը գալիս է այլ բնակավայրից, տրվում է փոխհատուցում, բայց ես գիտեմ դեպքեր, երբ որոշ գյուղերում կան մասնագետներ, բայց չունեն աշխատելու հնարավորություն, որովհետեւ այլ բնակավայրերից են գալիս ուսուցիչներ։ Հարցերը կարգավորելու ենք ենթաօրենսդրական ակտերով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ