«Ինչպես ասում են, դիմակները վայր են ընկել, պարոնա՛յք»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:
«Հայաստան» խմբակցությունը քննարկման էր դրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Բերձորի միջանցքը շրջափակված է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործունեության, այլ նաեւ Հայաստանի դիրքորոշման պատճառով, որովհետեւ Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՔՊ-ն այլեւս չի կարող թաքցնել իրականությունը, այն, որ ամեն օր Հայաստանի ու Արցախի անվտանգության դեմ են աշխատել. «Առաջին անգամ արձանագրել են պաշտոնական դիրքորոշումների խզում Արցախի եւ Հայաստանի: Ստեփանակերտն ու Երեւանը տարբեր նպատակներ ունեն, ակնհայտ է: Նաեւ ակնհայտ է, որ խզման պատճառով հայկական աշխարհը բաժանվել է երկու մասի, մի մասը պայքարում է Արցախի ժողովրդի հետապնդած նպատակների համար, մի մասը պայքարից հրաժարվել է: Կարող եք ասել՝ մենք էլ ենք պայքարի մասնակցում, բայց դա նշանակում է նախ նպատակն ընդունել: Արցախը հստակ ասել է, որ չի ապրելու Ադրբեջանի կազմում: Եթե ինչ-որ մեկը պատրանքներ ունի, որ կարող են Ադրբեջանի կազմում գոյատեւել, արցախահայությունը գիտի, որ դա աբսուրդ է, դանդաղ մահ է»:
Կարդացեք նաև
Ռուստամյանը վկայակոչեց Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների նույնական հայտարարությունները, որ չկա անգամ տեսական հնարավորություն Արցախը տեսնել Ադրբեջանի կազմից դուրս: Անգամ Ալմա Աթայի հռչակագրի մասին խոսելով՝ մենք ոչ մի ծպտուն չենք հանում, որ ունեցել ենք վերապահում եւ Արցախը դրանից դուրս է: Մենք մեր վերապահմանը տեր չենք կանգնում ու տվել ենք հնարավորություն, որ բոլորը մեկնաբանեն, թե մենք ընդունել ենք Արցախն Ադրբեջանի կազմում: Ալիեւն ասում է՝ Արցախի հարցը լուծված է, մենք էլ ենք ասում՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդունված է: Ալիեւն ասում է՝ միջազգային հանրության մեջ նոր խնդիր ենք բերում՝ Արեւմտյան Ադրբեջանի հարցը, մենք դրան ի՞նչ ենք պատասխանում՝ մենք պատրաստ ենք զիջել, հիմա էլ ենք պատրաստ ստորագրել այն զիջումները, որը նախատեսված է, բայց ես չգիտեմ՝ դա վերջնական կլինի՞, թե՞ չէ: Էլ ո՞նց ասի մարդը, որ ամեն ինչի պատրաստ է, պարզապես թուրքերը ադրբեջանցիների հետ միասին չեն ասում՝ սրա վերջը ո՞րն է: Մենք սրա արդյունքում մեղադրում ենք մեր գործընկերներին: Ասում ենք՝ չենք կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը մերը չի անում, զորավարժություններ չենք անում, որովհետեւ դա սպառնալիք ենք անվանում ՀՀ անվտանգության համար: Մենք հայտնվել ենք մի վիճակի մեջ, որ մեր անվտանգության երաշխավորը դառել է Ադրբեջանը: Պետք է դուրս գալ այս վիճակից, Ադրբեջանը գալիս է մինչեւ Երեւան, պետք է կանգնեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ