Այսօր տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ մասնագիտական հանձնաժողովի՝ 2023 թվականի առաջին նիստը: Հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց իր առաջարկը՝ Սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական շուկայական տնտեսություն» հասկացությունը փոխարինել «շուկայական տնտեսություն» հասկացությամբ: Փաստացի, առաջարկ էր կատարվում սոցիալական շուկայական տնտեսական համակարգից անցում կատարել շուկայական տնտեսական համակարգի, այն հիմնավորմամբ, որ իրականում, Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական համակարգը Հայաստանում չի գործում, առավելապես գործում է ազատական տնտեսական համակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը հակադրվեց. նրա ուսումնասիրություններով եւ գնահատմամբ, պետությունը պարտավոր է իր վրա որոշակի պարտավորություններ վերցնել՝ հատկապես սոցիալական առումով եւ ամեն ինչ չի կարելի թողնել ազատ շուկային եւ շուկայական կարգավորմանը: Նա տեղեկացրեց, որ քաղհասարակության կողմից նաեւ առաջարկ է լինելու՝ Սահմանադրությամբ ապահովել քաղաքացու աշխատանքի իրավունքը, ինչը բնավ չի նշանակում, որ պետությունը պարտավոր է քաղաքացուն ապահովել աշխատանքով, այլ ենթադրում է, որ պետությունն ունի գործառույթներ՝ զբաղվածության քաղաքականության, ուսուցանումների եւ այլն, մանավանդ, հատուկ կարիք ունեցող խմբերի մասով: Նա կարծում է, որ Սահմանադրության մեջ պետք է պահպանվի սոցիալական տնտեսության հասկացությունը եւ եթե հիմա մենք այդ համակարգը չունենք, չի նշանակում, որ պետք է համակարգը փոխենք, այլ պետք է ձգտենք դրան հասնել:
Կարդացեք նաև
Առաջարկի հեղինակը նկատեց, որ հակափաստարկները զուտ մանր սոցիալական քայլեր են, որոնց ինքը դեմ չէ եւ որոնք հնարավոր է օրենսդրական կարգավորումներով անել: Արթուր Սաքունցն էլ հավելեց՝ եթե սկզբունքը կա, պետությունն ունի իմպերատիվ պարտավորություն՝ դրա համաձայն քաղաքականություն մշակելու, եթե չկա, ապա ամեն ինչ մնում է իշխանության կամքին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան էլ, Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ հարցը իրենք երկարաժամկետ կտրվածքում են դիտարկել, քանի որ իրականում մեր տնտեսությունը զարգանում է ազատական շուկայական համակարգով, ուստի առաջիկա տասնամյակների կտրվածքով, կարող են դատական վեճեր առաջանալ եւ խնդիր լինի, քանի որ տնտեսական կարգը եւ օրենսդրությունը չեն համապատասխանում իրար: Էդմոն Մարուքյանի մտավախությունն այն է, որ այս փոփոխությամբ հակասություն չառաջանա սահմանադրական դրույթի հետ, որ ՀՀ-ն սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն է: Այս համատեքստում, առաջարկի հեղինակը նկատեց, որ 1995 եւ 2005 թվականի սոցիալական պետության դրույթը չենք ապահովել, քանի որ իրականում գոյություն չի ունեցել սոցիալական պետություն:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մեկ այլ անդամ՝ Դանիել Իոաննիսյանն էլ իր ելույթում արդեն նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն հստակ գնում է այն ճանապարհով, որ պետությունն առավելագույնս ապահովի առողջապահությունը եւ կրթությունը: Նա նկատեց, որ պետությունը կոնտրիբուցիա է ունենում նաեւ կենսաթոշակի ապահովման մեջ՝ կուտակային համակարգում, ընտանեկան բիզնեսը համարյա չի հարկվում եւ այլն: Այս ամենի համատեքստում, նա գտնում է, որ պետությունը քայլեր էր անում սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ուղղությամբ, նաեւ մինչեւ 2018 թվականը, ուստի առաջարկվող փոփոխությունը տեղին չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քվեարկության արդյունքում առաջարկը չանցավ, թեեւ Արթուր Սաքունցն այնպիսի տպավորություն ուներ, որ քաղաքական պայմանավորվածություն կա դրա շուրջ: Ի դեպ, նիստի ութ մասնակիցներից չորսը «կողմ» էին քվեարկել, երեքը՝ «դեմ», մեկը «ձեռնպահ». երկար ժամանակ չէին կարողանում պարզել՝ հարցն անցե՞լ է, թե՝ ոչ, քանի որ ըստ կարգի, հինգ «կողմ» ձայներ էին անհրաժեշտ հարցի դրական ելքի համար, իսկ «ձեռնպահ» քվեարկության ինստիտուտը վարչապետի հաստատած կարգում նկատի առնված չէր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ