«ՆԳ նախարարությունը միավորում է երեք տարբեր կառույցներ։ Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն չպետք է այս ծառայություններից որևէ մեկին տրվեր առավելություն»,- «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ՆԳ նախարարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակման մասին։
Ըստ նրա՝ ՆԳ նախարար պետք է նշանակվեր մի մարդ, որը փորձառության, պրակտիկայի և կենսագրության առումով կապակցված չլիներ որևէ կառույցի հետ։
Արթուր Սաքունցը փաստեց՝ ՆԳ նախարարը քաղաքական պաշտոն է ու խոսելով այս պաշտոնում նշանակման տրամաբանության մասին՝ ասաց․ «Վարչապետը քաղաքական պաշտոնի նշանակում է ոստիկանապետին։ Ի՞նչ է դա նշանակում։ Ոստիկանությունը չպետք է քաղաքականացված լինի։ Դու ո՞նց ես ոչ քաղաքական գործչին քաղաքական պաշտոնի նշանակում, մյուս կողմից էլ քաղաքականացված ոստիկանը շատ ավելի վատ է։ Սա լուրջ հակազդեցություն է առաջացնում»։
Ըստ Արթուր Սաքունցի՝ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը չունի քաղաքականություն մշակելու կարողություն։ Իսկ ՀՀ վարչապետի նշանակման տրամաբանությունն այն է, որ կառավարելիության խնդիրն ավելի է կարևորվում, քան բարեփոխումը։ Եվ նա կարծում է՝ այս բարեփոխումները դառնալու են ուղղակի թղթի վրա ձևակերպում։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ այս նշանակումն արդյոք վկայո՞ւմ է, որ իշխանությունն ինքն էլ չի ուզում բարեփոխում, Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց․ «Բարեփոխումը տապալվել է, ռիսկի տակ է։ Ընդհանրապես վերանում է այդ հնարավորությունը։ Իշխանությունը դեմ է, թե՝ ոչ, ես չգիտեմ»։
Հարցին՝ դիտարկելով Վահե Ղազարյանի և Նիկոլ Փաշինյանի կապերը, այս նշանակումն ինչպե՞ս կորակեք, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Մամուլով գրվում է, որ իրենք շատ մոտ են։ Անձնական պահ է, թե ոչ, բայց բարեփոխումը պռավալի տակ է։ Մնացած գործոնները դառնում են երկրորդական, տասներորդական։ Տվյալ դեպքում նայում ենք, տեսնում ենք՝ ՆԳ նախարարության՝ որպես բարեփոխման ինստիտուտի պատասխանատուների նշանակման չափանիշները չպահպանվեցին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի