Լրահոս
Օրվա լրահոսը

Բացենք փակագծերը

Հունվար 13,2023 17:18

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենի հարցերի պաշտոնական և իրական պատասխաններն՝ առանց փակագծերի․

1․Հարց․

-Արդյոք տեսնո՞ւմ է Ադրբեջանի կողմից երկխոսելու պատրաստակամություն։

Պատասխան․

-Եթե մենք համարեինք, որ այս ճանապարհը սին ու անարդյունք է, այս ճանապարհով չէինք գնա: Մենք շարունակում ենք հավատալ, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել բոլորս միասին, կառուցել լուծում բոլորս միասին: Ֆրանսիան շարունակում է այդ դերն ունենալ, որովհետեւ մենք Հայաստանի կողքին ենք:

Իրականում․

-Մենք գիտենք, որ այս ճանապարհը սին և անարդյունք է, բայց մենք այլ ճանապարհ չունենք։Մենք չենք հավատում, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել բոլորս միասին։ Ֆրանսիան շարունակում է ձևեր թափել, իբր մենք Հայաստանի կողքին ենք։

2․Հարց․

-Էլ ինչ պետք է անի Ալիեւը, որպեսզի Արեւմուտքը, Ֆրանսիան հստակ գործողությունների դիմեն, մասնավորապես, պատժամիջոցների։

Պատասխան․

-Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում։

Իրականում․

-Ֆրանսիան ձևեր է թափում, իբր ակտիվ աջակցում է Հայաստանին։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Հասկացե՛ք վերջապես, Ադրբեջանը Արևմուտքի և Ֆրանսիայի համար կարևոր գործընկեր է, հատկապես էներգառեսուրսների մատակարարման առումով և մենք երբևէ պատժամիջոցներ չենք կիրառի Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ։Ինչ վերաբերում է իմ Հայաստան այցին, ապա այն ընդամենը ցուցադրական բնույթ է կրում, ֆրանսահայ համայնքին բավարարելու համար։

3․Հարց․

-Եթե այնուամենայնիվ, Ալիեւը գնա ռազմական գործողությունների, արդյոք Ֆրանսիան միջնորդից կվերածվի Հայաստանին աջակցող կողմի։

Պատասխան․

-Ես չեմ պատասխանում հարցերի, որոնք ենթադրական են: Այսօր առկա փաստերի հետ կապված բավական բան կա անելու, անիմաստ է հիպոթետիկ իրավիճակներ պատկերացնել։

Իրականում

-Միթե՞ դուք այդքան միամիտ ու պարզունակ ժողովուրդ եք։ Այդպես էլ չհասկացաք, որ ձեր երկիրը, սահմանները դուք պետք է պաշտպանեք։ Ինչո՞ւ պետք է ֆրանսիացի զինվորականը զոհվի հանուն այլ երկրի։ Վերջապես, հիշեք 1921թ․ Կիլիկիայում ինչպես Ֆրանսիան լքեց հայ ժողովրդին։ Դուք պատմությունից դասեր չեք քաղում։

4․Հարց․

-Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը։

Պատասխան․

-Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք։

Իրականում․

-Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, ապա այդ հարցն առաջինը ինքներդ ձեզ տվեք։ Որպեսզի որևէ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը, առաջինը այն պետք է անի Հայաստանը։Իսկ ձեր իշխանությունը ոչ միայն այն չի ճանաչում, այլև հրաժարվել է ԼՂ-ից, այն համարելով Ադրբեջանի մաս։Իհարկե, ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մաս է համարվում, բայց հասկացե՛ք վերջապես, կան պետական, ազգային շահեր։ Ֆրանսիան և Արևմուտքը իրենց շահերից ելնելով ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂ-ի հարցը չի տեղավորվում մեր շահերի մեջ, քանի որ, ինչպես նշեցի Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է։

5․Հարց․

– Ֆրանսիայի տեսակետից ի՞նչ կարգավիճակ է Լեռնային Ղարաբաղի համար նախատեսելի՝ խաղաղ կարգավորման համար:

Պատասխան․

-Մեր դիրքորոշումը հստակ է, մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում տարբեր ժողովուրդների կողմից, եւ մասնավորապես, հակամարտության տարբեր կողմերի կողմից։

Իրականում․

Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք , հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։ Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։ Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․

Փակագծերը բացեց Ավետիք Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այո, փակագծերը շատ ճիշտ է բացված՝ այդ տիկինը անկեղծ է խոսել և հասկացրել է, որ իրենց հետ լուրջ հույսեր չկապենք, քանի որ իր երկրի շահերը մինչև վերջ չեն համընկնում հայերիս շահերի հետ և մեզ առաջարկել է իրատես լինել ու չկախվել իրենց փեշերից:
    Պետք է խելքի գալ և վերջապես հասկանալ, որ նույն կերպ՝ պետք չի կախվել և ոչ-մի երկրի փեշերից, քանի որ ոչ մեկի համար մեկ ուրիշ երկրի դարդը կարևոր չի կարող լինել, քան իրենց պետական շահերը (բոլորն էլ «մարդասիրական» բնույթի ձևեր են թափում):
    Ժամանակը չէ՞ վերջապես հասկանալու, որ խեղդվողների փրկությունը հենց իրենց սեփական ջանքերից է կախված: Եկեք ուշքի գանք հայեր, մեր աղբը թափենք ու մեր երկիրը կարգի բերենք և ոչ թե այս կամ այն պետության հովանավորությունը փնտրենք (հիշենք, թե մեկ դար առաջ այդ ձեռագիրը ինչով ավարտվեց):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031