Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը քննարկման էր դրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Բերձորի միջանցքը շրջափակված է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործունեության, այլ նաեւ Հայաստանի դիրքորոշման պատճառով, որովհետեւ Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ Արցախի շրջափակման հետ կապված 2022-ի դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն արդեն ընդունել է հայտարարություն ու ընթերցեց հայտարարության ողջ տեքստը: Նա ընդգծեց, որ գնահատականները Արցախի շրջափակման հարցում թե՛ ընդդիմության, թե՛ իրենց գրեթե նույնական են, հնարավորություն կար համատեղ այն ընդունել, բայց ընդդիմությունը մերժեց: Բայց մյուս կողմից էլ՝ նախագիծը ներկայացնող Անդրանիկ Թեւանյանի ելույթի ու իրենց ներկայացրած հայտարարության տեքստի մեջ հսկայական տարբերություն կա: Նա, որպես հարակից զեկուցող, առաջարկեց «դեմ» քվեարկել նախագծին:
Թեւանյանը, արձագանքելով նրան, հայտարարեց. «Մեր եւ ձեր տեքստերը բացարձակապես չէին կարող նույնական լինել, որովհետեւ մեր տեքստում ասում ենք՝ այս եւ նմանատիպ ռազմատենչ, ցեղասպան գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ որ Արցախի անվտանգության միակ գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է»:
Թեւանյանը պնդեց, որ պատասխանեն՝ եթե Փաշինյանն ասում է՝ Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու, ինքը չի կարող բանակցել իրենց անունից, իրեն ի՞նչ իրավունք է վերապահել Պրահայում որոշում կայացնել Ղարաբաղի վերաբերյալ ու հիմա էլ հայտարարություններ անել Ղարաբաղի մասին: Մարիա Կարապետյանը պատասխանեց, որ ՔՊ-ին վերագրված դիրքորոշումները ճիշտ չեն: Նա հորդորեց երեւակայությամբ այդ դիրքորոշումները չզարգացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ