«Մենք դուրս ենք գալիս խորհրդից, բայց, բնականաբար, շարունակում ենք վերահսկել համակարգը, և թող Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի հետ միասին շարունակեն բարեփոխումներ իրականացնել,- «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումն» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները լքեցին Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ներգրավված էին ուժային գերատեսչությունների հետ՝ պատճառաբանելով, որ «Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ բարեփոխում իրականացնելը»։
Հարցին՝ ՆԳ նախարարի թեկնածության հարցն արդյոք որևէ ձևաչափով չէ՞ր քննարկվել խորհրդում, կամ որքանո՞վ էր ակնկալելի այս նշանակումը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Խորհրդում ՆԳ նախարարի թեկնածության հարց չէր քննարկվել։ Ավելին, վերջին կես տարում ոստիկանական համակարգում դիմադրությունը, որը զգացվում էր դեռ երկու տարի առաջ, ինտենսիվորեն գլուխ էր բարձրացնում։ Դիմադրության դրոշակակիրներն են Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը։ Խնդիրները բարձրաձայնվում էին խորհրդում, ինչպես նաև բարեփոխումների պատասխանատու արդարադատության նախարարության առաջ։ Երբ դիմադրության դրոշակակիրը դարձավ ՆԳ նախարար, և, ցավոք, այս ամենում նաև փրկարար ծառայությունը ներգրավվեց, սրա բացասական հետևանքները կրելու է այդ ծառայությունը։ Նախ ոստիկանությունում ինչքան կոռուպցիոներ կա, բոլորը սկսեցին ուրախանալ, քեֆ անել, որ, այ, Վահե Ղազարյանն է, ուրեմն մեր նախարարը մեզ կպաշտպանի։ Մեզ համար էլ պարզ դարձավ, որ մենք շատ բան չենք կարողանալու անել։ Կամո Ցուցուլյանն իր ծանոթներին, որոնց խոստացել էր սպայական կոչում շնորհել, ամիսներ շարունակ փորձում էր սպայական կոչում շնորհել պարեկային ծառայությունում։ Մի քանի ամիս մենք աշխատանքային խմբում կարողանում էինք կանխել դա, որովհետև համարում էինք, որ դրա համար պետք է հստակ չափորոշիչ լինի։ Եթե պարեկը իքս քանակի հանցագործություն է բացահայտում, ինքը դառնում է սպա։ ԽԾԲ չկա»։
Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ՆԳ նախարարությունն ու նախարարը պետք է լինեին քաղաքականության մշակման պատասխանատուներ, ոչ թե ոստիկանության հրամանատար։ Այս առիթով ասաց․«Համարյա հարյուր տոկոսով վստահ եմ, որ Վահե Ղազարյանը կշարունակի մնալ հրամանատար, որ իր հետ շարունակելու են համաձայնեցնել բոլոր ոստիկանական գործողությունները։ Ամենայն հարգանքով իր նկատմամբ՝ Վահե Ղազարյանը չի կարող քաղաքականություն մշակող դառնալ»։
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանն ասաց՝ հուսով էին, որ ՆԳ նախարարության ստեղծումով ոստիկանության կազմակերպչական կարողություններն ինչ-որ առումով զրոյից կձևավորվեին, ԱԻՆ-ից լավ ավանդույթներ կժառանգվեին, սակայն ըստ նրա՝ այդ ամենը տապալվեց։
Դանիել Իոաննիսյանը, նշելով, թե որքանով է Վահե Ղազարյանը դեմ բարեփոխումներին, որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց․ «Միջին վիճակագրականով նախորդ տարի, որ նայում ենք, թե նրա հրամանով քանի ոստիկան է կարգապահական պատասխանատվության ենթարկվել և քանիսն են եղել պարեկներ, ապա երևում է, որ միջին վիճակագրական պարեկի վրա տասն անգամ ավելի շատ կարգապահական պատասխանատվություն է բաժին ընկնում, քան ոստիկանության այլ ծառայողների։ Հավաքվում ենք բոլորով, բարեփոխում անում, պարեկների ընդունելության համար լրջագույն ֆիլտրեր կան, անցնում են հոգեբանով, հատուկ կրթություն ստանում, հետո պարզվում է, որ կարգապահական պատասխանատվությամբ պարեկային ծառայության վրա միավոր ծառայողի թվով ինը անգամ ավելի շատ է։ Ընկած են պարեկային ծառայության հետևից։ Ի՞նչ է մնացած բոլոր ոստիկանական ծառայողներն իդեալակա՞ն են ծառայում։ 1300 պարեկ կա Երևանում, Լոռիում, Շիրակում։ Նրանք ավելի շատ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել անցյալ տարվա ընթացքում, քան ամբողջ ՀՀ-ում մնացած բոլոր ոստիկանները, որոնք 10000-ից ավելի են։ Կոռուպցիոն ճանապարհային ոստիկանությունը, կիսակոռումպացված թաղայինները, հանցագործություն բացահայտել չկարողացող օպերները լավ ծառայո՞ւմ են։ Սա խոսում է նրա մասին, որ ոստիկանության համակարգը դեմ է բարեփոխումներին։ Ոտիկանապետը դեմ է բարեփոխումներին՝ սա այն պայմաններում, երբ պարեկային ծառայության ներդրումը հանցավորության բացահայտման ֆենոմենալ աճ ապահովեց»։
Դանիել Իոաննիսյանը, սակայն, համոզված չէ՝ այս համակարգը կշարունակի՞ զարգանալ։ Նա ասաց․ «Մենք տեսել ենք կոնկրետ դեպք, երբ Վահե Ղազարյանը գործից հեռացնելու գործընթաց է սկսել երկու պարեկների նկատմամբ, որոնք շատ բարձր պաշտոնատար անձի են կանգնեցրել և վեճի բռնվել նրա վարորդի հետ։ Այդ դեպքերը նաև մեր միջամտությամբ կանխվեցին։ Ընդ որում, Վահե Ղազարյանն անձամբ էր սկսել այդ պաշտոնանկության գործընթացը։ Մենք գիտենք դեպքերի մասին, որ Վահե Ղազարյանը դեկտեմբերին հանդիպել է պարեկների և նրանց թույլատրել, որ նրանք ոստիկանության ծառայողներին չտուգանեն, եթե խախտումը շատ լուրջ չէ։ Մենք այս բոլոր խնդիրները խորհրդում բարձրաձայնել ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի