Լրահոս
Օրվա լրահոսը

2022թ. դրամի արժևորման բացասական ազդեցությունը մինչև հիմա զգում ենք. գործարար

Հունվար 13,2023 16:25

Արտարժույթի տատանումները, որոնք կանխատեսելի չեն՝ մեծ խնդիրներ են առաջացնում գործարարների համար, իհարկե՝ բիզնեսն, իր որդեգրած քաղաքականությունում ռիսկերի կառավարման համար, պետք է ունենա նաև արտարժույթի տատանումները, բայց նման կտրուկ ու մեծ չափի տատանումներն անսպասելի են: Այս մասին այսօր Mantashyants press club-ում հրավիրված ասուլիսում ասաց «Արմավիր Ֆրութ» ընկերության համահիմնադիր Հայկ Մանուկյանը։

Նրա խոսքով, թեպետ իրենց ընկերությունը կարողացել է արտարժույթի կտրուկ տատանումների ընթացքում ճկուն գտնվել և արտահանման համապատասխան պահին ամերիկյան դոլարը փոխարինել երբեմն ռուսական ռուբլով, երբեմն հայկական դրամով, սակայն շատ արտադրողներ հսկայական վնասներ են կրել, ուստի խնդրի կարգավորման համար կառավարության կողմից համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

Վազգեն Մաթևոսյան

«Մեր ընդհանուր արտադրանքի շուրջ 90 տոկոսն արտահանվում է ռուսական շուկա: Նմանատիպ դեպքի հետ մեկ անգամ արդեն առնչվել ենք 2014 թվականին, երբ շատ կտրուկ անկում եղավ, նաև 2022 թվականի անկումն էր և արդեն այս օրերինը: Գինեգործության ոլորտը մի քիչ տարբերվում է, քանի որ մենք աշխատում ենք հատուկ ներմուծողների հետ, որոնք ավելի տեխնիկական ներմուծողներ են և դրամով պայմանագիր կնքելն գրեթե անհավանական է : Այս դեպքում կամ պետք է գին բարձրացնես, կամ չաշխատես: Շատ դեպքեր կան, երբ դու պայմանագիր ես կնքում, գումարը գալիս է 2-3 ամիս հետո, քանի որ գործընթացն ինքնին երկար է՝ ակցիզային դրոշմանիշ են պատվիրում և այլն: Այս պահին դժվար է որևէ լուծում առաջարկել. պետք է, կամ այդ պահի կոնկրետ գին ֆիքսենք, կամ աշխատենք ֆաքթորինգով, որը ևս չի աշխատում»,-նշեց «Մաթևոսյան Վայն» ընկերության հիմնադիր Վազգեն Մաթևոսյանը:

Արսեն Մկրտչյան

«Նոա օֆ Արենի» ընկերության հիմնադիր Արսեն Մկրտչյանը հիշեցրեց, որ խնդրի կարևորությունից ելնելով՝ արդեն 3-րդ անգամ են հարցը բարձրաձայնում «Մանթաշյանց» միության հարթակից: «Ցանկացած երկրում համեմատաբար թույլ արժույթը օգնում է արտահանողներին ավելի հարմար գներով, ավելի մրցունակ դառնալ դրսի շուկաների համար: Ցավոք, անցած տարվա փետրվար-մարտ ամիսների վերելքից հետո դրամը սկսեց արժևորվել, մինչև հիմա մենք զգում ենք այդ արժևորման բացասական էֆեկտը: Շատ է խոսվել պատճառների մասին՝ գնաճի զսպում, կենտրոնական բանկ և այլն, բայց իրականում հարվածը մենք շարունակում ենք վերցնել մեր ուսերի վրա, տանել ֆինանսական կորուստները և միաժամանակ փորձում էինք ավելի լավ լուծումներ գտնել, որպեսզի մրցունակությունը չկորցնենք դրսի շուկաների համար»,-ասաց Արսեն Մկրտչյանը և հավելեց, որ, տարադրամի կտրուկ տատանումներն ազդում են նաև ծրագրերի պլանավորման վրա:

Արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով բիզնեսում առաջացած խնդիրները, բանախոսների խոսքով, քննարկվել են պետական տարբեր մարմինների հետ, բայց դեռևս կոնկրետ լուծումներ չեն ձևավորվել:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031