Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, վաշինգթոնյան պլանն ընդունվել է». Թեւանյան

Հունվար 13,2023 15:39

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը», որը շրջանառության մեջ է դրել «Հայաստան» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացնելիս՝ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ մարդասիրական մի շարք իրավունքներ խախտվում են ու 120 հազար մարդու շրջափակման մեջ պահելը գոյաբանական խնդիր է: Թեւանյանի դիտարկմամբ, Հայաստանը պետք է կատարի իր հանձնառությունը Արցախի անվտանգության երաշխավորման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կյանքի կոչման համար. «Եթե Հայաստանը չի իրականացնում իր այս գործառույթները, նշանակում է, որ Արցախի մեր հայրենակիցները ոչ միայն վտանգվում են ադրբեջանական գործողությունների արդյունքում, այլ նաեւ ՀՀ դիրքորոշման»:

Թեւանյանն ասաց, որ Հայաստանի իշխանություններն ընդունում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, համարում են, որ ղարաբաղցիները պետք է շփվեն Բաքվի հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, ՀՀ-ի եւ Ադրբեջանի տեսակետները նույնական են այս հարցում, նրանց թիրախները նույնպես նույնական են՝ թիրախավորված են ռուս խաղաղապահները: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների կողմից թիրախավորված են նաեւ Ղարաբաղի իշխանությունները: Այս մեկ ամիսը ցույց տվեց, թե ինչի կարող է հանգեցնել այն քաղաքականությունը, որը որդեգրել է ՀՀ իշխանությունը: Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում, այլ փակվել է նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած համաձայնության արդյունքում: Այնտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին բաց տեքստով հայտարարեց Ալիեւը՝ Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում, տարբեր կենտրոններից հայտարարություններ են եղել ու որեւէ հակադարձում չստացավ»:

Ըստ Թեւանյանի, Լաչինի միջանցքը շարունակելու է փակված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. «Մեր հայտարարության հիմքում ընկած է այն քաղաքական փոփոխության անհրաժեշտությունը, համաձայն որի ՀՀ-ն պետք է հետապնդի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու չպետք է առաջնորդվի «Ղարաբաղը տանք, որ խաղաղ ապրենք», «Ղարաբաղը տանք, որ Հայաստանը փրկենք» կեղծ թեզերով: Մեր համոզմամբ, ՀՀ-ի եւ Արցախի անվտանգային համակարգերը փոխկապակցված են»: Թեւանյանը վստահեցրեց, որ Փաշինյանն ընդունել է վաշինգթոնյան պլանը Պրահայում ու դրանից հետո բնական է, որ Ալիեւը գալիս «իր Ղարաբաղի» հետեւից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031