«Արցախը նորից ազատագրվելու է, Արցախը նորից դառնալու է Հայաստան, եւ Արցախի ու Հայաստանի միջեւ որեւէ պատնեշ չի լինելու։ Մենք մեկ ազգ ենք եւ դառնալու ենք մեկ պետություն, իսկ բոլոր ազգակործանները կանցնեն ու կգնան։ Բոլոր հիվանդություններն էլ ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում, բայց մեր ազգային մարմինը, իմ կարծիքով, կարող է բուժվել ցանկացած հիվանդությունից»,- «Հայելի» ակումբում ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
Նրա խոսքով․ «Չկա մի ազգ կամ ժողովուրդ, որի 99 տոկոսը չուզենա լսել իր վարչապետի ասուլիսը, բայց հանդուրժի նրա ներկայությունը․․․Պարադոքսալ, իրարամերժ հատկություններ ունենք․․․Այդ մարդը հասկանալով, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությունը դեռեւս չի կարողանում մի բռունցք դառնա եւ հակահարված տա իր կործանարար իշխանությանը՝ շատ հանգիստ կարողանում է օգտագործել այդ հոգեբանական պահը, հարվածը հարվածի հետեւից է հասցնում՝ հասկացնելով, որ ամեն ինչ որոշված է, որ Ռուսաստանն այստեղից գնալու է, Արցախն է իր հարցերը լուծելու»:
Հայագետը փաստում է․ «Քաղաքական իմաստով սրանց միտքը արյուն չունի, պարտված, գործակալական մի ցանց է, ու այլեւս ջնջվել է այն մտայնությունը, որ չհասկանալով են անում նման բաներ, տգիտությունից։ Այլեւս ոչ մի կասկած չկա, որ նրանք գործակալական համակարգի մաս են, թուրք-բրիտանական պետպատվեր են կատարում, որի դիմաց ստանում են իրենց հոնորարը․․․Մենք նաեւ տեսնում ենք, որ սրանք շտապում են, փորձում են անել ավելին։ Նիկոլը դեռ չի հասցրել ամեն ինչ անել, բայց անընդհատ ազդակներ է ուղարկում, որ պատրաստ եմ շատ կտրուկ գործողությունների եւ մինչեւ վերջ գնալու․․․Ամենաաղաղակող փաստը ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելն էր»։
Նա, ի թիվս այլնի, անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն ձեւակերպմանը, թե ավելի լավ է Արցախը կորցնենք, քան Հայաստանը․ «Այդ ողորմելիին գեներալի կոչում են տվել Արցախի պատերազմի արդյունքում, Արցախի հաղթանակների հետեւանքով է նա այդ կոչումը ստացել, հիմա ասում է՝ Արցախը տա՞նք, թե Հայաստանը։ Դու ո՞վ ես, որ նման բան ասես, կամ ով ասաց, որ նման ընտրություն պիտի դնես»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ