Հունվարի 16-ից 19-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի և կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն շրջագայելու են Կովկասում՝ սկզբում այցելելով Հայաստան, ապա Վրաստան, և այցի ավարտին՝ Ադրբեջան։
- Պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դիվանագիտական համայնքի, գործընկերների և հաճախորդների հետ
- Ուշադրության կենտրոնում վերականգնվող էներգիան, կայուն ենթակառուցվածքները, ֆինանսական ճկունությունն ու բարեփոխումներն են
- 1992 թվականից ի վեր ՎԶԵԲ–ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանում ավելի քան 650 ծրագրերում
Այս այցը հաջորդում է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի՝ սեպտեմբերին Կովկաս կատարած շրջագայությանը: Այցի նպատակն է քննարկել մասնավոր և պետական հատվածում առաջիկա ծրագրերը։ Օրակարգում ընդգրկված են նաև քննարկումներ ֆինանսական կայունության, քաղաքականություններում արվող բարեփոխումների և ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ:
Պատվիրակությունը սկզբում կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի ներկայիս գործընկերների հետ։ ՎԶԵԲ-ի թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ կհանդիպի ԿԲ նախագահի և նրա տեղակալի հետ։
Վրաստանում պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա երկրի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի՝ Ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։
Կարդացեք նաև
Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում պարոն Բոումենը կստորագրի մայրաքաղաքի մետրոյի 12 կայարանների վերակառուցման և արդիականացման սուվերեն վարկային համաձայնագիրը Վրաստանի ֆինանսների նախարարության հետ:
Պատվիրակությունը կավարտի իր շրջագայությունը Բաքվում, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի ներկայիս բիզնես հաճախորդների հետ։ ՎԶԵԲ-ի թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։
1992 թվականին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների ավելի քան 650 ծրագրերում, ընդ որում ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Կովկասում առաջիկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ