Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մաքուր սպորտի կողմնակից ենք եւ վերջին տարիներին դոպինգի խնդիր չենք ունեցել»․ Կարեն Գիլոյան

Հունվար 13,2023 15:10

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքը լրացվում է՝ համապատասխանեցնելու նպատակով միջազգային չափանիշներին։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը զեկուցեց, որ նախագծի ընդունումը շտապ է, այն վերաբերում է սպորտում դոպինգի կիրառության արգելմանը, եւ միջազգային հակադոպինգային կազմակերպությանն արդեն զեկուցել են, որ ՀՀ-ում օրենքն ընդունման փուլում է։ Փոփոխությունը հստակեցնում է «դոպինգ», «հակադոպինգային գործունեություն», «ազգային հակադոպինգային կազմակերպություն» սահմանումները։

«Կազմակերպությունն աշխարհում մեծ հեղինակություն ունի եւ երկրին կարող է թույլ չտալ որեւէ մրցման մասնակցել՝ դոպինգի համար։ Դոպինգի դեմ պայքարը շատ է խստացվել։ Դա վնաս է առողջությանը եւ անարդար մրցակցության հիմք է տալիս։ Մեզ եւս դիմել են եւ խնդրել օրենքում փոփոխություն անել։ ՀՀ կառավարությունից, ՀՀ գործունեությունից շատ գոհ են։ Կազմակերպության նախագահն ասել է՝ զարմացած է, որ երկիրը շահագրգռված է։ Մենք ազնիվ սպորտի կողմնակից ենք»,-նշեց Կարեն Գիլոյանը։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ այս փոփոխությունները շատ կարեւոր են՝ հաշվի առնելով հատկապես անցնող տարում հայ մարզիկների գրանցած հաջողությունները․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի որեւէ մարզիկ չորակազրկվի»։

Կարեն Գիլոյանը նաեւ հայտնեց, որ մեկ տարի անց միջազգային հակադոպինգային կազմակերպության հետ ՀՀ-ում աննախադեպ սեմինար է կազմակերպվելու։ Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ օրենքից բխող ընթացակարգը․ մարզիկից նմուշառում է կատարվում եւ ուղարկվում արտերկիր՝ միջազգային կազմակերպության լիցենզավորված որեւէ լաբորատորիա, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառված է․ «Նման լաբորատորիա ՀՀ-ում ունենալն իրատեսական չէ, որովհետեւ միայն հիմնումը տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս է ենթադրում»։

Կարեն Գիլոյանն ասաց․ «Մենք մաքուր սպորտի կողմնակից ենք եւ հայտարարել ենք այդ մասին։ Վերջին տարիներին բացարձակ չենք ունեցել նման խնդիր»։

Հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը նկատեց․ «Ամիսներ առաջ ասում էիք, որ ռեկորդային թվով մեդալներ կունենանք, եւ դա կատարվեց։ Սպորտի բնագավառում հաստատուն քայլեր ունենք։ Իսկ դոպինգի մասին այս օրենքը կարեւոր է, որովհետեւ մարզիկների համար պետությունը մեծ գումարներ է տալիս, նրա հաղթանակի համար որքան մեծ է գումարը, այնքան մեծ է դոպինգի օգտագործման ցանկությունը։ Օրենքը հաստատում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Որեւէ մարզիկ չպետք է իր շահի հետեւից ընկնելով՝ վնասի սպորտին եւ մեր պետությանը»։

Հանձնաժողովը դրական եզրակացության արժանացրեց նախագիծը, այն շուտով քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031