Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 33-րդ օր
Տեղեկագիր 12.01.2023թ. դրությամբ
Ադրբեջանցի գործակալների տեղակայման հատվածում խափանվել է մալուխը՝ ընդհատելով ինտերնետ կապի մատակարարումը Արցախի ողջ տարածքում
Արցախի ինտերնետի մատակարարման միակ մալուխը վնասվել է մոտ ժամը 15:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են Ադրբեջանի իշխանությունների գործակալները՝ Արցախի շրջափակման նպատակով:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ հունվարի 12-ին տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։
Կարդացեք նաև
Տեղի է ունեցել «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջը
Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ տեղական, հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակը և ահագնացող ռիսկերը։ Տեսակամուրջի մասնակիցները կոչ են արել ողջ հայությանը և քաղաքակիրթ աշխարհին օգտագործել առկա ողջ գործիքակազմը իրավիճակի հանգուցալուծման համար։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։
Օրվա վիճակագրական թարմացումներ
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 12,800 տոննա կենսական նշանակության ապրանք կմատակարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 33 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Արցախի տեղեկատվական շտաբ