Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունից նման դիմում եղե՞լ է․ երբ դիմում եղավ Ուկրաինայից, մենք պատասխանեցինք»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Հունվար 13,2023 14:08

«Տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղելու անհրաժեշտության մասին խոսել են ՀՀ ԱԳ նախարարն ու վարչապետը։ Ֆրանսիան պատրաստվո՞ւմ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եվ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ֆրանսիան փոխարինի ՌԴ խաղաղապահներին»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման հարց հղվեց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։

Նա նշեց․ «Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանին առաջին ԵՄ դիտորդական խումբը կարողացավ երկայնքով տեղակայվել։ Հուսանք՝ եւս մեկ անգամ կկարողանանք դիմել Եվրոպային, որպեսզի կարողանանք եւս մեկ առաքելություն բերել։ Քննարկումները շարունակվում են։ Այս դիրքորոշումը պաշտպանում է Ֆրանսիան, բայց անհրաժեշտ է, որ ամեն անդամ-պետություն համաձայն լինի։ Ֆրանսիան չի փոխարինում ԵՄ-ին՝ երկու երկրների սահմանին։ Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, ապա չգիտեմ՝ ՀՀ իշխանության կողմից նման դիմում եղե՞լ է։ Երբ դիմում եղավ Ուկրաինայից, մենք պատասխանեցինք եւ ուղարկեցինք մի շարք փորձագետների, բայց չգիտեմ, թե արդյոք ՀՀ-ն նման դիմում տվե՞լ է ԵՄ-ին կամ Ֆրանսիային»։

Լրագրողը հարցադրումն ուղղեց՝ նշելով, որ խոսքը վերաբերում էր Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելուն։ Պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Եթե չեմ սխալվում, դրա համար պետք է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս պարագայում Ֆրանսիային կարող ենք միայն շնորհակալ լինել։ Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։ Նա առանց այդ էլ ամեն ինչ անում է՝ տարածաշրջանում խաղաղություն բերելու, ՀՀ-ի շահերը պաշտպանելու համար»։

Յաել Բրաուն-Պիվեն որեւէ բան չավելացրեց։

Մեկ այլ հարցի՝ Ֆրանսիան պատրա՞ստ է ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերել, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց․ «Գիտեք, ես ԱԺ նախագահ եմ, ոչ թե վարչապետ կամ նախագահ, ուստի չեմ կարող ասել»։

Հարցին՝ է՞լ ինչ պետք է անի Ալիեւը, որպեսզի Ֆրանսիան գոնե պատժամիջոցների դիմի, Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Մենք միջնորդի դեր ենք կատարում հակամարտությունում եւ ծայրահեղ ակտիվ ենք։ Երկու անգամ դիմել ենք ՄԱԿ-ին, նախաձեռնել Պրահայի հանդիպումը, որպեսզի ԵՄ-ն նույնպես դեր ունենա։ Մենք ակտիվ ենք եւ միայն հայտարարություններով չենք սահմանափակվում։ Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է»։

Հաջորդ հարցին՝ եթե Ալիեւը դիմի ռազմական գործողությունների, Ֆրանսիան միջնորդից կվերածվի՞ ՀՀ-ին աջակցող կողմի, Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Ես չեմ պատասխանում այնպիսի հարցերի, որոնք ենթադրական են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031