Լրահոս
Օրվա լրահոսը

33 տարի անց Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով. Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը

Հունվար 13,2023 13:12

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցը: 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Դա 1988 թ. փետրվարին Սումգայիթում, 1989 թ. նոյեմբերին Գանձակում հայերի դեմ իրագործած ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր:

Որոշ տվյալներով՝ Բաքվի ջարդերին զոհ գնաց ավելի քան չորս հարյուր հայ, թեև զոհերի վերջնական թիվը մինչ օրս մնում է չճշտված: Բաքվի հայկական ջարդերից հետո Խորհրդային Ադրբեջանում հայ չմնաց այլևս: Մոտավոր հաշվարկներով մոտ կես միլիոն հայ դուրս եկավ Ադրբեջանից:

Ցավոք, 33 տարի անց Բաքվի իշխանությունը հետ չի կանգնել հայատյաց քաղաքականությունից: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը բացեիբաց խոստովանում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման նպատակը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հեռացումն է: Միգուցե և մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը՝ ազատվել հայերից: Այդպիսին է Ադրբեջանի պատկերացրած «խաղաղությունը» հայերի հետ:

Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1990 թ. հունվարի 13-19–ի Բաքվի կոտորածի ժամանակ զոհ գնացած մեր հայրենակիցներին: Այդ սարսափելի դեպքերը դեռևս արժանի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի ԽՍՀ–ում ապրող հայ ընտանիքները չեն ստացել փոխհատուցում նման վայրագությունների հետևանքով իրենց ապրուստի միջոցներից և գույքից զրկվելու համար: Նրանց իրավունքների մասին խոսելը, այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանք տանելը մեր գլխավոր խնդիրներից է: Դա նաև կարևոր է արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար:

33 տարի անց Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով: Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ տասնամյակներ անց ապացուցում է դա: Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը ինքնորոշման իրավունքի իրացումն է և դրա միջազգային ճանաչումը: Դա է նաև տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ճանապարհը:

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031