«Սեպտեմբերյան հարձակումից հետո Ֆրանսիայի սենատը բանաձեւ ընդունեց եւ դատապարտեց այն, եւ դրանում նշված էր նաեւ Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ Հիմա, երբ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, չեք կարծո՞ւմ, որ ճիշտ ժամանակն է Արցախի անկախությունը ճանաչելու»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հարց հղվեց Երեւան ժամանած Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նախ նշեց, որ թե սենատը, եւ թե ԱԺ-ն բանաձեւեր ընդունել են՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ՀՀ սահմաններին, նաեւ Լաչինի միջանցքի փակումը․ «Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, ապա Ֆրանսիայի դիրքորոշումը ձեզ հայտնի է։ Այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը եւ սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»։
Մեկ այլ հարցի՝ ինչո՞ւ կարեւոր քաղաքական հայտարարություններին զուգահեռ՝ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի եւ Ալիեւի հանդեպ, Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Կարծում ենք, որ կարեւոր է խաղաղ կարգավորումը եւ երկխոսության վերականգնումը։ Այլ ճանապարհներ տեղին չէ կիրառելը, քանի դեռ երկխոսության ճանապարհն ամբողջությամբ սպառված չէ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ