Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի առիթով․ ճանապարհը պետք է վերականգնվի»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Հունվար 13,2023 13:08

«Քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում եւ այն հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված։ Վստահեցնում եմ, որ Ֆրանսիայի գործընկերները բավականին լավ տեղեկացված են եւ հետեւում են այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Արցախում, ՀՀ-ում եւ Լաչինի միջանցքի շուրջը»,- Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպումից հետո քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հանդիպման ժամանակ շնորհակալություն է հղել Ֆրանսիայի նախագահին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ-ում լինելը պարտավորություն է․ «Բռնկվող լարվածությունները ՀՀ-ին խոցելի են դարձնում, եւ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական երկրների եւ ժողովուրդների կողքին, որոնք եւ որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է հարձակումների։ Սեպտեմբերյան իրադարձությունները մեծ աղմուկ են հանել Ֆրանսիայում եւ մենք ընդունեցինք բանաձեւ, որով Ադրբեջանից պահանջում ենք ագրեսիայի դադարեցում»։

Յաել Բրաուն-Պիվեն շեշտեց, որ Ֆրանսիան վերահաստատում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործընթացին հավատարմությունը․ «Ֆրանսիան միշտ եղել է ՀՀ-ի կողքին՝ ամրապնդելու ինքնիշխանությունը։ Նախագահի եւ մեր երկրի զգոնությունն ամբողջական են, երբ ոտնահարվում են միջազգային իրավունքի սկզբունքներն Ուկրաինայում, երբ վտանգված են ժողովրդավարական արժեքները։ Այդ արժեքները մեր կողմնացույցն են, եւ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ-ի հետ։ Շատ անհանգիստ ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առիթով։ Շարունակվող շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը վատթարանում է։ Կարեւոր է, որ ճանապարհը վերականգնվի, որ ազատ երթեւեկությունը վերականգնվի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինտերնետ կապը եւ էլեկտրականությունը։ Ամեն ինչ անելու ենք, որ խուսափենք մարդասիրական աղետից։ Մտահոգ եմ նաեւ պատմամշակութային ժառանգությամբ, որը կարող է ոչնչացվել։ Մոտ 1500 հայկական պատմամշակութային նմուշները պետք է պահպանվեն։ Բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը պետք է վերականգնվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031