Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելուց շուրջ մեկ ամիս անց Ֆրանսիայի հայ համայնքը նախորդ շաբաթ նշում էր սուրբծննդյան տոն՝ իր մտահոգությունը հայտնելով շրջափակման մեջ հայտնված 120,000 բնակչությանը (որոնցից 30,000-ը երեխաներ են) սպառնացող մարդասիրական աղետի շուրջ:
Չնայած հունվարի 6-ի հինգշաբթին առանձնանում էր երկնքում նշմարվող յուրահատուկ մռայլությամբ, Փարիզի 8-րդ շրջանում մի տեսակ Էյֆորիա էր տիրում, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն՝ հավելելով, որ Ելիսեյան դաշտերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա՝ Ժան Գուժոնի փողոցում, իր այցելուներին էր ողջունում Սուրբ Ժան-Բատիստ տաճարը:
Հռոմեական օրացույցով նշվող սուրբծննդյան տոներից 12 օր անց հազարավոր լույսերով զարդարված հայկական եկեղեցում թեմի առաջնորդի ժամանումից առաջ լսվում է զանգերի ղողանջը:
Երկար կարմիր ոսկեգույն գավազանը ձեռքին՝ տաճարի նավ է մտնում գերաշնորհ հայր, արքեպիսկոպոս Գրիգոր Խաչատրյանը՝ շրջապատված քահանաներով և եկեղեցական սպասավորներով, որոնց ձեռքին նույնպես կարմիր և ոսկեգույն դրոշակներ են, նշում է հեղինակ Ժոֆրի Կայեն:
Կարդացեք նաև
«Ադրբեջանը և Թուրքիան իրենց քարոզչությանը ծառայելու նպատակով գնել են ընկերություններ, պատմաբանների, եվրոպացի պատգամավորների», – հեղինակի հետ զրույցում նշում է հոգևոր հայրը:
Հոդվածագիրը նկատում է, որ չնայած տոնական հագուկապին, հայ հավատացյալները եկեղեցի էին եկել դեմքի լուռ արտահայտությամբ, մասամբ՝ ցրված հայացքներով … «Անհերքելիորեն բոլորը մտածում են դեկտեմբերի 12-ից փակված Լաչինի միջանցքի մասին», – նշում է նա:
Խնկաբույր եկեղեցու սրահում իր պատարագը մատուցելուց հետո Գերաշնորհ հայրը խոսում է հայ ժողովրդի միասնականության մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը:
«Մենք պետք է միասնական մնանք»,- ասում է նա: «Նրանք մեր եղբայրներն են. Միասնականությունը մեր ուժն է, եթե կարողանա մի կողմ դնել քաղաքական գործիչների անտարբերությունը»:
Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել պատարագին մասնակցած ֆրանսաբնակ մի շարք հայրենակիցներ: «Մեր բոլորի մտքերն ու աղոթքները այնտեղ շրջափակման մեջ գտնվող մարդկանց հետ են», – նշել է հնգամյա որդու հետ պատարագին մասնակցած Արևիկը:
Հեղինակը նկատում է, որ սուրբծննդյան տոներին եկեղեցի այցելելը կարևոր է «ճարտարապետի արհեստը բանեցնող այս հայերի համար»: «Գալ այստեղ նշանակում է ցույց տալ, որ պետք է գոյություն ունենալ և սատարել միմյանց»,- նշել է հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ 41-ամյա Ծովինարը, որն իրավիճակը անվանել է անտանելի:
Հայկական մշակույթում կրոնն իր յուրահատուկ տեղն ունի։ «Այն ժամադրությունների վայր է»,-ասում է արքեպիսկոպոսը՝ շեշտելով եկեղեցու հանդեպ հայերի ուրույն հավատքը։
Հեղինակի աչքից չի վրիպել նաև պատարագից հետո օրհնված ջրով եկեղեցուց տուն վերադառնալու ծիսակարգը։ Վերջում հոգևոր հայրը բոլոր հավատացյալներին հրավիրում է խոնարհվելու խաչի առաջ, վերցնելու մի քանի միլիլիտր օրհնված ջրից, հանգստանալու իր այգում, աղոթքի անկյունում կամ էլ պարզապես օրհնելու տունը։ «Ապրում ենք այն հույսով, որ մի օր մեզ կհայտարարեն շրջափակման ավարտը»,- հավելում է նա։ Ինչ վերաբերում է Արևիկին և իր որդուն, նրանք այդ օրվա համար հատուկ որևէ բան չեն պլանավորել։ «Մեզ համար ամենակարևորը այնտեղ գտնվող մեր եղբայրների համար աղոթքն էր», – ասում է ֆրանսահայ տիկինը։
Եվ այնուամենայնիվ բոլորը լի են հույսով, որ այս տարվա սուրբծննդյան օրը կտարբերվի նախորդներից՝ առաջնորդներին մղելով պայծառ որոշումների և նպաստելու խաղաղ լուծման։