Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը անվտանգության առումով դեռեւս չունի իրեն սատարող Ռուսաստանին իրական այլընտրանք». Նադյա Դուգլաս. «Ազգ»

Հունվար 13,2023 12:11
rus

Բեռլինի Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի անվտանգության քաղաքականության փորձագետ Նադյա Դուգլասը հունվարի 11-ի հարցազրույցում անդրադառնում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ծրագրված զորավարժություններն իր տարածքում անցկացնելու մերժմանը: Ի՞նչ է սա նշանակում հարավկովկասյան տարածաշրջանի համար, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի ռազմական ներկայությունն իր երկրում որակեց որպես «սպառնալիք», այսպիսի ընդգծմամբ հարցին ի պատասխան Դուգլասը նախ բնորոշում է երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը՝ «այն ցածրակետում է» պատկերավոր գնահատմամբ: Այնուհետ իրազեկում հետեւյալը՝ 2020 թվականին, երբ ԼՂ-ի համար պատերազմում Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, Ռուսաստանը խաղաղապահ զորք ուղարկեց «վիճելի տարածաշրջան»: Այդ ժամանակվանից ի վեր, մասնավորապես՝ անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանը հայկական տարածքի վրա կրկնվող հարձակումներ է իրականացրել: (Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ դրանց չի անդրադարձել, որեւէ գնահատական չի տվել, ավելին՝ լրագրողների՝ «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա» ձեւակերպմանն առնչվող բոլոր հարցերին խուսափել է հստակ պատասխանել-Ան. Հ.): Բացի դրանից, անցած դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի կենսատու երակը, մատակարարման հիմնական ուղին՝ Լաչինի միջանցքը գրավել են ադրբեջանցի կառավարամետ բնապահպանները, ինչը, ըստ հայկական կողմի տեղեկությունների, մեկուսացված տարածաշրջանում կարող է հանգեցնել մարդասիրական արտակարգ իրավիճակի, նկատել է տալիս Նադյա Դուգլասը եւ շարունակում՝ Վերջին օրերին եւ շաբաթներին ավելացել են քննադատությունները ռուսական խաղաղապահ ուժերի եւ ուղղակի Ռուսաստանի հասցեին. Գյումրիի ռուսական ռազմաբազայի դիմաց հակառուսական ցույցերի մասնակիցները պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ՝ դադարեցնել «ռուսական օկուպացիան»: Փաշինյանը հստակ խոսք ասաց նաեւ Ռուսաստանի հասցեին եւ միջազգային հանրությանը կոչ արեց քայլեր ձեռնարկել, օրինակ՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Հայաստանում քննարկվում է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ՌԴ մանդատի երկարաձգումը կամ ՄԱԿ-ի բազմազգ առաքելության հարցը»:

«Անվտանգության քաղաքականության առումով Հայաստանը Ռուսաստանից կախյալի համարում ունի. Առանց Ռուսաստանի աջակցության, հայկական շահերի հաստատման համար ի՞նչ հեռանկարներ են նշմարելի տարածաշրջանում» հարցին Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի անվտանգության քաղաքականության փորձագետն այսպես է պատասխանում՝ « Չնայած Հայաստանի կառավարության, փորձագետների եւ քաղաքացիական հասարակության Ռուսաստանի հասցեին հնչող բոլոր քննադատություններին, Հայաստանը անվտանգության քաղաքականության առումով դեռեւս չունի իրեն սատարող տերություն Ռուսաստանին իրական այլընտրանք: Հարցը սակայն այն է, թե որքանով Հայաստանը դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի վրա, որը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում», նկատել է տալիս փորձագետը: Նա հիշեցնում է, թե նախկինում Հայաստանի կառավարությունները մեծ զիջումների են գնացել իրենց ռուս գործընկերոջը չօտարելու համար, օրինակ է բերում Ռուսաստանից կախվածության մեծացման հարցում էներգետիկ ոլորտը: «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիվ պատերազմի եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի թուլացման ֆոնին Հայաստանը դեռ կարող է շահել՝ այլ գործընկերների օգնությամբ նվազեցնելով իր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից», կարծիք է հայտնում Նադյա Դուգլասը, ապա ընդգծում՝ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցություններին, ապա այն արդեն իրականություն է. ԱՄՆ-ը վերջին անգամ սեպտեմբերին միջնորդել է հրադադար հաստատել, իսկ ԵՄ-ն՝ որպես այլընտրանք Ռուսաստանին, խաղաղ բանակցություններում կարեւոր դեր է խաղացել»:

Եթե Պուտինը որոշի կոշտ գործողությունների դիմել ադրբեջանական ուժերի դեմ, ապա անխուսափելիորեն խնդիրներ կունենա Թուրքիայի՝ Ադրբեջանի կարեւորագույն ռազմավարական գործընկերոջ հետ: Սակայն քանի որ Ռուսաստանը ներկայումս համեմատաբար մեկուսացված է միջազգայնորեն, եւ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավտորիտար պետությունների ղեկավարներից է, որը տակտիկական նկատառումներով դեռ համագործակցում է Կրեմլի հետ, այստեղ խուսափում են առճակատումից, մեկնաբանում է Նադյա Դուգլասը եւ եզրափակում՝ «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիվ պատերազմից հետո Ադրբեջանի նշանակությունը նույնպես մեծացել է աշխարհառազմավարական առումով, նաեւ՝ Ռուսաստանի համար՝ որպես այլընտրանքային տրանսպորտային եւ տարանցիկ ճանապարհ»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031