Մեր պատմության ողջ ընթացքում, անգամ սարսափելի աղետների դեմ հանդիման, հայերս հայտնի ենք մեր տխրահռչակ անմիաբանությամբ, ինչը հազվադեպ է անհետեւանք անցել՝ առավել հաճախ հանգեցնելով պատմական կորուստների:
Արդյո՞ք հիմա, երբ Արցախը մոտենում է անդառնալիության կետին, մեր մեջ ուժ կգտնենք խոսելու մեկ միահամուռ ձայնով: Ամենայն հավանականությամբ՝ ոչ:
Ստեփանակերտից մեզ են հասնում պրոռուսական հայտարարություններ, մինչդեռ Երեւանից հնչում են հակառուսական տեսակետներ: Եթե այս «տարաձայնությունները» համաձայնեցված լինեին, ապա կարող էինք համարել, որ վերջապես գիտակցել ենք բարդ եւ վտանգավոր միջազգային իրավիճակներում հավասարակշռված քաղաքականություն մշակելու եւ դրան հետեւելու անհրաժեշտությունը՝ օգուտ քաղելու հարափոփոխ քաղաքական թիրախների պայմաններում: Մինչդեռ մտավախություն ունենք, որ տեսակետների տարբերակվածության հիմքում իրավիճակի ծայրահեղ տարբեր ընկալումն է, ինչն էլ կարող է հանգեցնել աջակցության եւ դաշնակիցների նվազմանը:
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ մինչ Հայաստանից ու Արցախից տարբեր տեսակետներ են հնչում, սփյուռքից առհասարակ որեւէ ձայն չի լսվում: Թվում է՝ Երեւանը նույնպես շահագրգռված չէ սփյուռքի մեր հայրենակիցներին որեւէ մասսայական շարժման պահանջ կամ կոչ ներկայացնելու:
Կարդացեք նաև
Արդեն գրեթե մեկ ամիս Բերձորի (Լաչին) միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը փաստացի խեղդում է արցախահայությանը, մինչդեռ միջազգային հանրությունը որեւէ միջոց չի ձեռնարկում, եւ ոչ էլ աշխարհասփյուռ հայությունն է կենտրոնացնում իր հավաքական ներուժը ու համաձայնեցված գործողությունների դիմում՝ հարցի լուծմանը հասնելու համար: Թվում է, թե չինական հայտնի ասացվածքն այն մասին, թե յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություն է, մեզ կստիպեր գործողությունների դիմել, քանի որ մինչ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշումները՝ ավելացնելով պահանջը պահանջի հետեւից, դրանով նաեւ արդարացնում են արցախահայերի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրարկումը:
Այս ճգնաժամը հնարավորություն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իրական կամքի ուժ ցուցաբերելու, ոգեւորելու եւ համախմբելու սփյուռքի ներուժը՝ դարձնելով այն իր արտաքին քաղաքականության հզոր բաղադրիչ, իր շուրջը համախմբելու հայ Առաքելական եկեղեցին իր աշխարհասփյուռ կառույցներով, համախմբելու եւ խաղաղություն հաստատելու ընդդիմության հետ: Սակայն Փաշինյանը չընդունեց այդ մարտահրավերը՝ գերադասելով խորասուզված մնալ ինչ-որ մտահայեցական անգործության մեջ, մեկուսացնել իրեն իրականությունից եւ ամեն ինչ թողնել ինքնահոսի:
Հայաստանում եւ սփյուռքում ակնհայտորեն առաջնորդների ճգնաժամ է, իսկ մինչ այդ ամբողջ աշխարհում բարձրացրած բողոքի ձայնն անկարող եղավ սաստել Ալիեւի անբարտավանությունը, քանի որ նա ոչ միայն որեւէ ուշադրություն չի դարձնում իր մարդասպան քաղաքականությունից հրաժարվելու համառ կոչերին ու պահանջներին, այլեւ պարբերաբար ավելի է սրում իրավիճակը՝ զրկելով Արցախին նաեւ էլեկտրամատակարարումից:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: