Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ–ն, Հնդկաստանը, Իրանը սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա պատերազմ սկսի. Երվանդ Թարվերդյան

Հունվար 13,2023 11:30

News.am.«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը կարծում է՝ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է նոր պատերազմ հրահրել։

«Մենք՝ հայերս, պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի: Այն փաստից, որ այսօր Արցախը կտրել են Հայաստանից, 120 հազար հայությանը պասիվ պատերազմով կտրել են աշխարհից, մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պահի պետք է պատերազմենք ու չվախենանք պատերազմից։ Պետք է համախմբվել։ Մենք պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար: Եթե Ադրբեջանը փորձի այս անգամ սանձազերծել նոր պատերազմ, պարտվելու է: Ես մեր իշխանություններին կհորդորեմ չվախենալ ոչ պատերազմից, ոչ բանակցելուց: Վախը թույլ չի տալիս ճիշտ կառավարել»,- NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Երվանդ Թարվերդյանը։

Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե 2023-ը Հայաստանի վերջին շանսն է խաղաղության պայմանագիր կնքելու, Թարվերդյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը Հայաստանի իշխանությունների պասիվ, «խաղաղություն մուրալու» բնույթ ունեցող գործողությունների հետեւանք է։

«Երբ մենք մուրում ենք խաղաղություն եւ ոչ մի լկտի հայտարարությանը պատասխան չենք տալիս, սա է լինում արդյունքը: Մենք վախենում ենք պատերազմից, չգիտեմ՝ ինչու: Եթե պատերազմ լինելու է, ապա լինելու է, եթե Ադրբեջանը որոշել է պատերազմել, դա մեր գործողություններից կախված չէ: Միջազգային հզոր երկրներն են սանձում կամ թույլ տալիս, որ Ադրբեջանը պատերազմի գնա: Ինքն իրենով ոչինչ է: Անկախ նրանից, թե որքան է Ադրբեջանը զինվում, աշխարհաքաղաքական մակարդակով դա փոքր պետություն է։ Մի պետություն, որը ընդամենը 100 տարվա պատմություն ունի, իրեն թույլ է տալիս ասելու, թե Հայաստանն էլ է իրենը, Երեւանն էլ, Զանգեզուրն էլ: Ալիեւը, ժողովրդական խոսքով ասած՝ ղալաթ է անում, որ նման բան է ասում։ Ադրբեջանի նախագահը իր հաղթանակով ոգեւորված հայտարարություններ է անում, բայց նա բարեխիղճ մոլորության մեջ է. այսօր աշխարհում ամեն վայրկյան ամեն ինչ փոխվում է, ցանկացած պահի կարող է փոխվել. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աշխարհաքաղաքական երեւույթների վերաբերյալ բավական սխալ են»,- նշեց նա:

Թարվերդյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր փակուղու առջեւ է կանգնած։ Նրա կարծիքով՝ մեր հիմնական ռազմավարական դաշնակից երկրի, բարեկամ ԱՄՆ-ի հետ ունենք խնդիրներ, քանի որ վարում ենք ոչ հստակ արտաքին քաղաքականություն. «Բոլորին բոլոր հարցերում ասել ենք այո, չգիտակցելով, որ իրենք կարող են իրար մեջ հակասություններ ունենալ: Պետք էր գնահատել արտաքին քաղաքական վեկտորները: Անգամ Արամ Ա-ն հայտարարեց, որ մենք բարեկամ երկիր չունենք»։

Թարվերդյանի խոսքով՝ Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ստեղծված իրավիճակից, փորձում է դիվիդենտներ քաղել, մինչդեռ Ռուսաստանը, ըստ նրա, Ադրբեջանի հետ բավական լուրջ հակասության մեջ է:

«Ադրբեջանի նախագահը տարբեր հայտարարություններ է անում ու չի գիտակցում, որ իրենք տարբեր քաշային կատեգորիաներում են ՌԴ-ի հետ: Ադրբեջանի նախագահն այսօր աստղային վերելքի մեջ է, նա գերագնահատում է իրեն ու իր պետությունը եւ իրեն համեմատում ՌԴ-ի պես գերտերության հետ: Մեզ պետք է ընդամենը դիմանալ այս պարագայում: Այսօր ռազմական գործողություններ են Ուկրաինայում, մենք պետք է Աստված կանչենք, որ օր առաջ այդ ռազմական գործողությունները կանգնեն, որովհետեւ 2 կողմից էլ ունենք ահռելի մեծ Սփյուռք»,– նշեց նա։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝  Հայաստանի անվտանգությունը կախված չէ միայն Ռուսաստանից։ Նա վստահ է՝ լավ բանակցություններ վարելու դեպքում  հնարավոր է զենք գնել թե Արեւմուտքից, թե ԱՄՆ-ից, թե ԵՄ-ից:

«Զենքն ապրանք է եւ ցանկացած պետության նպատակն  իր ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումն է: Եթե մեր պետությունը ճիշտ քաղաքականություն իրականացներ, մեր պաշտպանական համակարգը եւս կլիներ դիվերսիֆիկացված: Եթե մեր ՊՆ-ն գրագետ աշխատեր այս 30 տարիների ընթացքում, այդ թվում 2018-ից հետո, ապա համակարգը դիվերսիֆիկացված պետք է լիներ եւ մեր պաշտպանական համակարգում ներառված պետք է լինեին նաեւ այլ պետությունների զենքեր»,– ասաց նա։

Թարվերդյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա կհանդիպի միջազգային հանրության խիստ բացասական արձագանքին։

«Բացի Ռուսաստանից, աշխարհում կան այլ գերհզոր երկրներ, մասնավորապես, ԱՄՆ, Հնդկաստան, Իրան, որոնք սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ինչ-որ ռազմական գործողության դիմի: Օրինակ, սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավասարաչափ ազդեցության արդյունքում կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան: Չնայած Ադրբեջանը հայտարարեց, որ դա Ռուսաստանի հորդորն էր, որ ինքը սառեցրեց ռազմական գործողությունները, բայց մենք բոլորս գիտակցում ենք, որ դա ոչ միայն ՌԴ-ի հորդորն էր, այլեւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի: Այսինքն այստեղ կոնսոլիդացված աշխարհն է Ադրբեջանին սթափեցնում, որովհետեւ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական լարման կիզակետում»,-ասաց նա:

Թարվեդյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից Սյունիքի հանդեպ ոտնձգության դեպքում Իրանը ռազմական միջամտություն կցուցաբերի. «Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտնել է, որ մեր իշխանությունները ոչ թե պետք է, այլ պարտավոր են քննարկումներ իրականացնել թե Իրանի, թե Հնդկաստանի հետ, քանի որ Հյուսիս-Հարավի գործարկումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի ու Հնդկաստանի շահերից: Սա շահավետ է նաեւ աշխարհի գերտորությունների մեծ մասի համար, այդ թվում ԵՄ-ի, ԱՄՆ-ի»։

Քաղաքական գործիչը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է էլ ավելի պրոֆեսիոնալ ու բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականացնեն եւ, ամենակարեւորը, իշխանությունում պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալ կադրեր. «Հերիք է՝ իրենց թիմակիցներով ամեն ինչը ձախողեն: Վարչապետի թիմակիցները պրոֆեսիոնալ չեն, ինքը պետք է գիտկցի, որ այդ թիմով չի կարողանում խնդիրներն իրականացնել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031