Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը նույնն է, մեթոդներն են փոփոխական. Բաքվի ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեց Բաքուն. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 13,2023 10:42

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը:

1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեցին Բաքուն: Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ամեն ինչ կրկնվում էր նույն սցենարով հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների նախօրոք ծրագրված գործողությունները:

Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար: Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:

Բաքվի հայության կոտորածի նախօրեին՝ հունվարի 12-ին, «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ (Milli Müdafia Şurası MMŞ)՝ իբրև Լեռնային Ղարաբաղ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկվելու համար, սակայն այն մնաց Բաքվում: Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր ազատել Բաքուն հայերից: Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին… հայերը մեզ համար վտանգավոր էին…»:

Հատկանշական է, որ 33 տարի անց, Լաչինի միջանցքը շրջափակելով, Ալիևն ասում է նույնը՝ իրենք նպատակ են դրել հասնել հայերի դուրսբերմանը Արցախից: 44-օրյա պատերազմով դրան չհասան, այժմ փորձում են այլ մեթոդներով: Նպատակը նույնն է, մեթոդներն են փոփոխական: Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր քաղել չգիտենք, դրա համար կրկին հայտնվում ենք նոր փորձությունների առջև…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031