2022թ. դեկտեմբերի 3-ին ոստիկանության Հատուկ ջոկատայինների կողմից ԱԺԲ երթի ժամանակ վնասվածք էր ստացել 73-ամյա մի կին՝ Մայա Մելքումովան: Նրա ձախ թեւն է կոտրվել (Ֆիքսատորի մեջ է մինչ օրս), հարուցվել է քրեական գործ: «Առավոտը» հանդիպեց նրան, սակայն զրույցը «այլ արդարադատության» մասին ստացվեց, որի մասին նա ցանկացավ բարձրաձայնել, որը մինչ օրս ցավ է պատճառում նրան: «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության երկարամյա աշխատակից, բաժանմունքի նախկին ղեկավար Մայա Մելքումովային, որին երբ 2020 թվականի մարտի 29-ին դատակոչել էին դատարան, որպես վկա, ասել էր. «Իրենց հիվանդանոցում հիմնականում բուժվում են նաեւ այնպիսի հիվանդներ, որոնք հաճախ ի վիճակի չեն ադեկվատ ցուցմունքներ տալ, իսկ որպեսզի այդ հիվանդների կողմից հայտնված տեղեկությունները համարվեն օրինաչափ, նրանք պետք է ենթարկվեն դատահոգեբուժական փորձաքննության»: Կենսաթոշակառու բժշկուհին 45 տարի աշխատել է այս համակարգում, որից 40-ը՝ որպես բաժնի վարիչ: Նրա մտքով չէր անցնի, որ իր ցուցմունքը հետագայում կներկայացվի «անարժանահավատ», ավելին, որպես վկա դատակոչվելուց չորս օր առաջ կազատեն աշխատանքից…
Այս ընկերությունը փակ մասնագիտական հիմնարկ է, որպես կանոն, դատական գործընթացները տեղի են ունենում դռնփակության ընթացակարգով, իսկ աշխատակիցները կամ մասնագիտական համայնքը սակավախոս է: Սակայն խնդրին անդրադառամ միայն աշխատանքային իրավահարաբերությունների տեսանկյունից:
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության՝ սանիտար Մարտուն Զեյնալյանի կողմից հայցադիմում է ներկայացվում դատարան ընդդեմ ընկերության՝ ընկերության տնօրենի աշխատանքից ազատելու մասին 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 421 հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին: Նա աշխատում էր ընկերությունում 2002 թվականի ապրիլի 1-ից: Զեյնալյանը, եւս երկու աշխատակից՝ հիվանդապահ, դիմում են մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարին, խնդրելով հանդիպում, հայտնում են, որ կարգապահական խախտումներ թույլ չեն տվել, անմարդկային վերաբերմունք հիվանդների նկատմամբ չի եղել, իրենք եղել են համբերատար (անգամ բերում են օրինակ, երբ հիվանդներից մեկը սանիտարներից մեկին պատճառել էր մարմնական վնասվածք՝ նրա աչքին հարվածել, երբ հիվանդապահներից մեկը հրաժարվել էր նրա համար սուրճ եփել: Փաստը հիմնավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու հետաքննության բաժանմունքի տեսուչի 01.08.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ-Ռ.Մ.), սակայն իրենց ազատել են աշխատանքից: Առողջապահության նախարարությունից պատասխանում են, թե տնօրենի գործունեության նկատմամբ միջամտելու լիազորություն իրենք չունեն: Նամակագիր հիվանդապահներից երկուսը տնօրենի հրամանով հետագայում վերականգնվում են աշխատանքում, իսկ Զեյնալյանը, որին նույն «մեղադրանքով» էին ազատել, դիմում է դատարան: Դատավոր Դիանա Հովհաննիսյանի 2020 թվականի սպրիլի 17-ի որոշմամբ բավարարվում է սանիտարի հայցն ամբողջությամբ, անվավեր է ճանաչվում ընկերության տնօրենի 2019 թվականի նշյալ թիվ 421 հրամանը՝ աշխատանքից ազատելու մասին, նա վերականգնվում է իր նախկին ընկերությունում՝ հերթապահ-հիվանդապահի աշխատանքում: Ըստ այդ որոշման՝ որպես հարկադիր պարապուրդի գումար՝ ընկերությունից հօգուտ Մ. Զեյնալյանի բռնագանձվելու էր միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հիվանդապահի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով՝ սկսած 2019 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ նրան փաստացի աշխատանքի վերականգնելու օրը: Այս գործով, որպես վկա դատակոչված բաժնի նախկին վարիչը՝ Մայա Մելքումովան, հայտնում է, որ Մ. Զեյնալյանին ճանաչել է 18 եւ ավելի տարի, որպես պարտաճանաչ աշխատող, լավ ընկեր կոլեկտիվի համար: Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, Մ. Մելքումովան հայտնել է. «Անմարդկային վերաբերմունք Զեյնալյանի կողմից չի եղել հիվանդներից եւ որեւէ մեկի հանդեպ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հիվանդը սոված է եղել, հայցվորն իր ուտելիքը կիսել է հիվանդի հետ: Հիշում է դեպք, երբ նույնիսկ Մ. Զեյնալյանը հիվանդին տարել է այլ հիվանդանոց խորհրդատվության իր անձնական մեքենայով»: Մայա Մելքումովան դատարանին հայտնել է նաեւ, որ հայցվորը երբեւէ կարգապահական տույժերի չի ենթարկվել: Վկան Մ. Զեյնալյանի նկատմամբ կազմված արձանագրությանը, որը հիմք էր դարձել ենթակային աշխատանքից ազատելուն, ծանոթ չէր, Մ.Մելքումովան, ըստ դատական նիստի արձանագրության, հայտնում է նաեւ, որ տնօրինությունը հենց առաջին համայցից սկսած Մ. Զեյնալյանի հետ ունեցել է «ոչ բարեհամբույր զրույց, եւ այդ պահից սկսած հայցվորը մտել է տնօրենի «սեւ ցուցակի» մեջ, հորդորել է սանիտարին, որպեսզի վերջինս ավելի բարեկիրթ խոսի հիվանդանոցի տնօրենի հետ, վերջինս էլ խոստացել է այլեւս լռել:
2020 թվականի հոկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարեց, առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հայցը բավարարելու մասով բեկանեց եւ գործն այդ մասով ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության: Վճիռը չբեկանված մասով թողնվեց անփոփոխ: Այս որոշման հիմքում դրվեցին նույն այն ապացույցները, որոնք քննվել էին առաջին ատյանի դատարանում, այդ թվում՝ վկաների ցուցմունքները: 2022 թվականի հունիսի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էդ. Ամալյան) բավարարեց Զեյնալյանի հայցը, ճիշտ այն պահանջներով, որոնք բավարարել էր դատավոր Դ. Հովհաննիսյանի 2020 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ: Դարձյալ հետեւում է բողոքը, եւ 2022 թվականի նոյեմբերի 29-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Մ. Զեյնալյանի հայցն՝ ընդդեմ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության, մերժում է: 2023 թվականին որոշումը մտել է օրինական ուժի մեջ: «Վայ, Հայաստանի արդարադատությանը,-ասում է Մելքումովան,- որ կա նույն դատարանի երկու իրարամերժ որոշում»: Մ. Մելքումովայի վկայությունը գնահատվում է «անարժանահավատ»: Հարց է ծագում. ինչպես կարող է ազատված աշխատակցի վկայությունը «շահագրգիռ» «անարժանահավատ» դիտվել, երբ այն մեկ այլ դատարանի կողմից համարվել է «արժանահավատ»: «Եթե ես այդ հիմնարկում չեմ աշխատում, իմ շահագրգռվածությունը որտեղ կարող էր դրսեւորվել: Անգամ, եթե աշխատեի, ես նույնն էի պնդելու»,-ասում է զրուցակիցս: Պատասխանող կողմը նշել էր. «Իրենք այդ ապացույցներով փորձելու են հիմնավորել վկա Մայա Մելքումովայի տված ցուցմունքի անարժանահավատությունը», իսկ դատարանն արձանագրել էր, որ յուրաքանչյուր վկա մինչեւ ցուցմունք տալը նախազգուշացված է եղել սուտ ցուցմունք տալու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին եւ որ գործով համապատասխան եզրահանգումներ կատարում է ոչ միայն բացառապես վկա Մայա Մելքումովայի կողմից տրված ցուցմունքները հիմք ընդունելով, այլ գործով ներկայացված բոլոր վերաբերելի եւ թույլատրելի ապացույցները, այդ թվում՝ պատասխանողի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաների ցուցմունքները իրենց համակցության մեջ հետազոտելու եւ գնահատելու արդյունքում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2023