2022 թվականի ընթացքում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցումների առցանց հարթակում գրանցվել է 162 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 79.6%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 14.2%-ի դեպքում՝ թերի պատասխան: 2.5% հարցումների պատասխանները ստացել են «անհիմն պատասխան», իսկ 3.1%-ինը՝ «անհիմն մերժում» կարգավիճակ։ Նշենք, որ որեւէ հարցում չի մնացել անպատասխան: 2022 թվականի ընթացքում ովքեր են խախտել մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը: ԻԱԿ-ը հունվարին կայքում տպագրել է այդ ցուցակը:
1. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
2022 թվականի սեպտեմբերի 29-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով կորցված մարտական դիրքերի քանակի մասին տեղեկություններ եւ այդ ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անվանացանկը: Հոկտեմբերի 3-ին ՊՆ-ն խնդրել է տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ, սակայն հոկտեմբերի 19-ին՝ 16 օր անց մերժել է տրամադրել տեղեկությունները: Պատասխանը համարվում է անօրինական, քանի որ, անկախ մերժման հիմնավորումից, խախտվել է մերժումը տրամադրելու՝ օրենքով սահմանված կարգը. մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում։ Տեղեկություն տնօրինողը լրացուցիչ ժամանակ կարող է խնդրել բացառապես պահանջվող տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տրամադրելու համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը ենթադրում է, որ տեղեկությունը մերժման ենթակա չէ։
2. ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան
Կարդացեք նաև
2022 թ. հոկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2021 թվականի ընթացքում ԱԱԾ-ն քանի հեռախոսային խոսակցություն է ձայնագրել։ Ծառայությունը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել տեղեկությունը՝ նշելով, որ «ԱԱԾ-ն առանձին հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վիճակագրություն չի վարում, քանի որ դրանք համաձայն գործող իրավակարգավորումների դատարանի համապատասխան որոշման՝ ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են»: Պատասխանը համարվում է անհիմն, քանի որ ձայնագրությունների ոչնչացման կարգավորումը բավարար պայման եւ պատճառ չի կարող լինել ձայնագրության վերաբերյալ վիճակագրություն չվարելու համար, իսկ ԻԱԿ-ը պահանջել է բացառապես քանակական տվյալներ, ինչը այրման ենթակա տեղեկություն չէ:
3. ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան
2022 թվականի հոկտեմբերի 7-ին տեղեկություն ստանալու հարցմամբ ԻԱԿ-ը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել Գյումրու թիվ 32 դպրոցում ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով 2018 թվականին անցկացված աուդիտորական ստուգման արդյունքների ակտը եւ մասնագիտական եզրակացությունը: Ըստ մարզպետարանի գրության՝ ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում հարցմամբ փնտրվող տեղեկությունը, սակայն միեւնույն ժամանակ հայտնում է, որ այդ տեղեկությունը առեւտրային գաղտնիք է, որից պարզ է դառնում, որ մարզպետարանը իրականում տիրապետում է այդ տեղեկությանը, սակայն անհիմն կերպով մերժում է դրա տրամադրումը:
4. Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան
2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 եւ 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի եւ գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի եւ գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար:
«Առավոտ» օրաթերթ
12.01.2023