2022թ. սեպտեմբերից մեկնարկած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական՝ 90-րդ թատերաշրջանի շրջանակներում հունվարի 20-ին՝ շուրջ երեք տարվա դադարից հետո, կներկայացվի Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որով 1933թ. ճիշտ նույն օրը սկսվեց թատրոնի գործունեությունը։ Մեր ժողովրդի հերոսական- ազատագրական պայքարն արտացոլող այս գործը թերեւս այն եզակիներից է, եթե ոչ եզակին, որի բեմական կենսագրությունը սկսվել է Մոսկվայում։ «Առավոտի» հյուրը՝ օպերային թատրոնի թատերախմբի ղեկավար Ռուբեն Նուրիջանյանը, նշեց, որ թատրոնի ղեկավարությունը սկսած 2021թ., պրեմիերաներին զուգահեռ, մինչ օրս վերականգնել է ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած 13 օպերային ներկայացում, այդ թվում՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա», Վերդիի «Աիդա», «Տրավիատա», Բիզեի «Կարմեն» (Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով) եւ այլն։
Հետո ներկայացրեց «Ալմաստի» պատմությունը. «Առաջին անգամ այս օպերան բեմադրվել է 1930թ., Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի մասնաճյուղում՝ ռուսերեն, նույն տարում Օդեսայի թատրոնում՝ ուկրաիներեն, 1932-ին Թբիլիսիում՝ վրացերեն։ Բեմադրվել է նաեւ 1951-ին, Փարիզում, այնուհետեւ 1953-ին՝ Տաշքենդի թատրոնում։ Շուրջ 20 տարի անց Նովոսիբիրսկի թատրոնն է անդրադարձել «Ալմաստին»։ Երեւանում 1933թ. բեմադրությունից հետո այս գործին անդրադարձել են 1969, 1971, 1983 թվականներին եւս։ Վերջին անգամ մեր թատրոնում օպերան ներկայացվեց 2009թ.՝ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Գեորգի Իսահակյանի ռեժիսուրայով, իսկ Ալմաստի դերերգով հանդես են եկան մեցցո սոպրանոներ Հասմիկ Հացագործյանը, Նարինե Անանիկյանը, Քրիստինե Սահակյանը, Ինգա Կարապետյանցը։ Բեմադրության եւ զգեստների նկարիչն էր Վյաչեսլավ Օկունեւը, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը»։ Մեր խնդրանքին ի պատասխան՝ Ռուբեն Նուրիջանյանը բարձրաձայնեց նաեւ առաջին Ալմաստների անունները՝ Մաքսակովա, Զլատագորովա, Պանտելեեւա, Պոպովա, Բլագովիդովա, Ռոմանովա, Գալանովա, Սազանդարյան, Չմշկյան, Գալաչյան, Միքայելյան, Գլեբովա, Եֆիմովա, Գուրսկայա, Անտոնյան, Շահվերդյան, Օվչյան եւ այլն։ Տեղեկացրեց, որ կայանալիք ներկայացմանը ընդգրկված են Նարինե Անանիկյանը (Ալմաստ), Հայկ Տիգրանյանը (Նադիր), Առնոլդ Քոչարյանը (Թաթուլ), Տիգրան Մելքոնյանը (Աշուղ), թատրոնի երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան), ներկայացումը կվարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Զրույցի ընթացքում մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ի սկզբանե «Ալմաստը» բեմադրելու առիթը հանդիսացել է 1916թ. Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի՝ Թիֆլիսում կայացած հանդիպումը, ինչից հետո օպերայի լիբրետոն ըստ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, ռուսերեն գրել է Սոֆյա Պառնոկը եւ միայն երկու տարի անց այն հայերեն է թարգմանել Տիգրան Հախումյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2023