Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը` կրթության, «ԿրթԱրարի» եւ նոր սերնդի մասին
– Պարոն Վարդանյան, կան հստակ օրինակներ, երբ ընդունելության ներբուհական քննությունների ժամանակ դիմորդները Թումանյանից որեւէ գրական գործ չեն իմացել, ավելին` տեղյակ չէին, թե Օպերայի շենքի բակում ո՞ւմ արձաններն են տեղադրված, եւ կաղում էին անգամ գրական երկ վերլուծելու ժամանակ։ Խնդիրները շատ են ու համակարգային։ Ի՞նչ անել այս դեպքում։ Խոսենք կրթության կազմակերպման եւ կառավարման հարցերում վերանայման անհրաժեշտության մասին։
– Ցավալի իրողություն է։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես տվյալ անհատի մտավոր ունակությունների ցածր մակարդակով, այնպես էլ կրթական համակարգի որոշակի խնդիրներով։ Ըստ իս՝ հանրակրթության բովանդակությունը խիստ ծավալուն է։ Երեխաները մեկ տասնյակից ավելի տարաբնույթ առարկաներ են ուսումնասիրում եւ հաճախ առաջնայինն ու երկրորդականը չեն տարբերակում։ Իմ կարծիքով՝ պետք է լինի գիտելիքի նվազագույն պաշարի ստուգում։ Դպրոցն ավարտող մարդը անպայման պետք է իմանա հայոց պատմությանը, հայերենին, մեր մշակույթին վերաբերող տարրական, բայց անչափ կարեւոր բաները։ Դա պետք է մասնագետների խումբը մշակի։ Այլապես ստացվում է, որ բովանդակության այդ ահռելի ծավալի մեջ կորչում են ամենակարեւոր բաները, եւ մարդը կարող է դպրոցն ավարտել առանց ուղղագրության կամ պատմական ամենակարեւոր փաստերի իմացության։
– Մեր ապրած ամեն օրն անընդհատ փոփոխվում է տարբեր իմաստներով։ Մի մասը հեշտությամբ է հարմարվում դրան, մյուս մասը` ոչ։ Եթե խոսենք մանկավարժության ոլորտի օրինակով, սկսնակ ուսուցիչների համար ի՞նչ «մասնագիտական քարտեզ» եք առաջարկում եւ արդեն դասավանդող ուսուցիչների համար կա՞ դասավանդման արդյունավետությունը բարձրացնող մեթոդաբանություն։
Կարդացեք նաև
– Փոփոխությունը կյանքի նորմալ եւ օրինաչափ երեւույթ է։ Ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններին, նորի ընդունմանը, այլապես սկսվում է բախում անհատի եւ ժամանակի միջեւ։ Սկսնակ ուսուցիչները պետք է անընդհատ կարդան, նոր բաներ փորձեն, թեկուզ չհաջողելու գնով, բայց միայն այդ կերպ է հնարավոր ունենալ դասավանդման սեփական ոճ։ Իմ ուսանողներին խորհուրդ եմ տալիս կաղապարված մտածողություն չդրսեւորել դասավանդման մեջ։ Անընդհատ աշխատել երեխայի երեւակայության, ստեղծարարության, վերլուծական կարողությունների շուրջ, որպեսզի ունենանք արարող եւ կայուն հասարակություն։ Երիտասարդ մանկավարժները նաեւ պետք է օգտվեն իրենցից ավելի հմուտ ուսուցիչների փորձից։ Իսկ արդեն հմուտ ուսուցիչները պետք է փորձեն հետ չմնալ կրթության նորարարություններից, դրանք չընդունել սվիններով, իրենց փորձով օգտակար լինել երիտասարդներին։
– Այս համատեքստում ճիշտ կլինի խոսենք նաեւ ձեր ղեկավարությամբ գործող «ԿրթԱրար» հ/կ-ի մասին։
– «ԿրթԱրարը» հիմնադրելիս մենք նպատակ ենք ունեցել առաջին հերթին աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նպաստել ուսուցման արդյունավետ մեթոդների տարածմանը։ Մի շարք ծրագրեր արդեն իրագործել ենք՝ համագործակցելով ՀՀ հանրակրթական մի քանի դպրոցների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք իրագործել եւս մի քանի ծրագրեր։ Մենք բաց ենք նաեւ առաջարկների եւ համագործակցության համար։
– Համացանցում օգտատերերից մեկը, ով նաեւ հոգեբան է, գրել է. «լոպազ ու դատարկ սերունդ է գալիս, սեփականն անընդհատ մերժող, մարքեթինգի զոհ, ուրիշներին կրկնօրինակող»։ Դուք ի՞նչ կասեք այս սերնդի մասին։
– Նախ խորհուրդ կտամ ավելի զուսպ եւ զգուշավոր լինել հանրային տիրույթում նման հայտարարություններ անելիս եւ բոլորին ընդհանրացնելիս։ Սա վտանգավոր միտում է։ Մարդը պիտի պատասխանատվություն ունենա իր հանրային խոսքի նկատմամբ։ Անշուշտ, ճշմարտության տարրեր կան ասածի մեջ, քանի որ գլոբալիզացիան իր կործանարար ազդեցությունը թողնում է ամեն բանի վրա, բայց միանշանակ չի կարելի պնդել, որ բոլորն այդպիսին են։ Հազարավոր երեխաների հետ եմ աշխատել եւ աշխատում, իմ փորձով կարող եմ հավաստել, որ ութսուն տոկոսից ավելին հայրենասեր, կազմակերպված, գիտակ, սկզբունքային ու լայնախոհ մարդիկ են, որոնք վստահաբար ունեն պետականամետ մտածողություն, արարելու կամք եւ քննադատական մտածողություն։
– Որո՞նք են այն երեք հիմնական խորհուրդները, որոնք կցանկանայիք հղել աշակերտների ծնողներին։
– Լինել իրենց երեխաների ընկերը, ոչ թե միայն խրատողը՝ անվերապահորեն սիրելով եւ ընդունելով սեփական երեխային, միեւնույն ժամանակ աշխատելով նրա մեջ լավը սերմանելու ուղղությամբ։ Բնության, հայրենիքի ու մեր մոլորակի նկատմամբ հոգատար վերաբերմունք ձեւավորեն իրենց երեխայի մեջ սեփական օրինակով։ Երեխային սովորեցնեն լսել, կարեկից լինել, ունեցածից բաժին հանել այլոց։
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2023