Հայաստանն արդեն մոտ է այն վիճակին, երբ նրա փոխարեն կկայացնեն որոշումներ, հետո իշխանությանը կամ կտեղեկացնեն, կամ` ոչ
Հայաստանը հայտնվել է փակուղու մեջ: Հայաստանի գործող իշխանությունը Արցախը շրջափակումից դուրս բերելու խնդիր, ինչպես երեւում է, չի էլ դրել իր առջեւ: Արցախին օգնություն տրամադրելը չի լուծում Արցախի ժողովրդի անվտանգության հարցը:
Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի հայտարարություններից կարելի էր եզրակացնել, որ նա գտնում է, որ արցախցիներն ու ռուսները պետք է ադրբեջանական կողմի հետ ընդհանուր հայտարարի գան: Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի հստակեցման թեմայից, բնական է, որ Փաշինյանը խուսափեց եւ դրանով իսկ անուղղակիորեն ապացուցեց, որ ինքը եւս համարում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված:
Ինչո՞ւ էր Փաշինյանը որոշել հանդես գալ մամլո ասուլիսով: Նրա մի քանի մտքերից կարելի է բխեցնել, որ նա փորձեց լրագրողների միջոցով հանրության «աչքերը բացել», ներկայացնել, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը, ու ընդհանրապես` աշխարհը:
Կարդացեք նաև
Աշխարհում, այո, բարդ իրավիճակ է, եւ այդ ծանր իրադրության մեջ հայտնվածներից մեկը Ռուսաստանն է` Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որի հետ Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ին տխրահռչակ փաստաթուղթը, որն ըստ Փաշինյանի` չի գործում:
Հայաստանը դեռեւս ունի 2 թշնամի հարեւաններ, որոնք չեն դադարում Հայաստանին ուղիղ կամ անուղղակի սպառնալ: Այս երկուսի հետ Փաշինյանը իսկապես ձգտում է խաղաղություն հասնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, նրա անկեղծությանն այս հարցում կարելի է չկասկածել: Սակայն, ինչպես նկատում ենք, խաղաղության հասնելու պայմանները Հայաստանը եւ Ադրբեջանն ու Թուրքիան միասին` տարբեր կերպ են պատկերացնում: Ավելի պարզ ասած` Ադրբեջանն ու Թուրքիան իրենց թելադրած պայմաններով են ցանկանում, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանը մամլո ասուլիսի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Հայաստանն էլ է անվտանգային առումով գտնվում ուղիղ սպառնալիքների տակ, նաեւ` Ռուսաստանի պատճառով: «Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է՝ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»,- ասաց նա` թվարկելով ՌԴ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ ցուցաբերած անտարբերությունը: Միաժամանակ, նա շեշտեց, որ ոչ ոք չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում. «Բայց ունենք Փառուխի դեպքերի նախադեպը: Ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի եւ մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Խծաբերդում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել: Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ»: Նաեւ նկատեց. «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ն կարող է հուսախաբ անել»: Ապա` հավելեց. «Այս տարի ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանա, քանի որ Հայաստանն այս պայմաններում նման միջոցառումների իրականացումը նպատակահարմար չի գտնում»։
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու թեմայի վերաբերյալ արդեն այլ հարցի պատասխանելիս Փաշինյանի ակնարկները խիստ ուշագրավ էին: Տպավորություն ստեղծվեց, որ նա համարում է, որ Հայաստանին «ատամ ցույց տվող» Ադրբեջանին ու Թուրքիային դուր չի գա, որ Հայաստանում զորավարժություններ անցկացվեն:
Իսկ Ռուսաստանի՞ն որքան դուրեկան կլինի Փաշինյանի այս որոշումը… Կամ՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանի թշնամիները նվազեցնելո՞ւ, թե՞ ավելացնելու ճանապարհով է գնում: ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը, սա պարզ է բոլորի համար եւ շատ վաղուց, ու հենց այս դիտանկյունից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին իր դաշնակիցների զորավարժությունները Հայաստանում, ընդհակառակն, չէին էլ անհանգստացնի: Թե Փաշինյանը որոշել է իր այդ որոշմամբ Ռուսաստանի՞ն ընդդիմանալ:
Մյուս կողմից՝ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի մեջ «երբեք ավելի վստահելի հարաբերություն չի եղել, որովհետեւ այսօր ինչ ձեզ հետ խոսել եմ, մեր որեւէ գործընկեր չի կարող ասի, որ ես մամուլից իմացա, որ ձեր մտքում այդպիսի բան կա: Շատ վստահելի է, բայց դրանից իրողությունները չեն փոխվում»:
Լավ, համարենք, Փաշինյանն անկեղծորեն նպատակ ուներ հանրությանը ներկայացնել, թե ինչ փակուղային իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Արդյո՞ք իշխանության գործառույթը միայն հանրությանը տեղեկություններ, մեկնաբանություններ, կասկածներ հայտնելն է, ընդ որում, նրա մատնանշած երեւույթները նորություն չէին ու դրանց նախանշաններն ակներեւ էին, դրանց մասին խոսվում էր շատ վաղուց:
Իշխանությունը պարտավոր է բոլոր բարդ իրավիճակներում ունենալ գործողությունների ծրագիր, ընդ որում, տարբեր իրավիճակների համար` տարբեր քայլեր, մեկի տապալվելու դեպքում իշխանությունը պարտավոր է ունենալ պահուստային այլ տարբերակներ: Սակայն այս ամենն ունենալու համար պետությունը պետք է տիրապետի հսկայական տեղեկությունների, վերլուծությունների, լինի նախաձեռնող, հավասարակշռված, իշխանության ներկայացուցչի ցանկացած բառը, արտահայտած միտքը պետք է լինի խիստ հաշվարկված:
Բայց ի՞նչ ենք մենք տեսնում… Հայաստանը ոչ միայն արցախահայության փրկության տարբերակներ չունի, այլեւ Հայաստանը գտնվում է լիակատար փակուղային իրավիճակում, որովհետեւ կախված է երկու թշնամի պետությունների բարեհաճությունից եւ ռազմավարական դաշնակցից, որը Հայաստանի այս իշխանության պայմաններում չի կատարում տարբեր փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները: Այսինքն, մամլո ասուլիս հրավիրելու նպատակը ժողովրդական լեզվով ասած`«աչքալուսանք» տա՞լն էր, հանրությանը հայտնե՞լ, որ Ռուսաստանն այլեւս չի՞ ապահովում Հայաստանի անվտանգությունը:
Իսկ պետության խնդիրների լուծման ուղիներ ո՞վ պետք է գտներ ու ներկայացներ հանրությանը: Հայաստանյան փորձագետնե՞րն ու լրագրողնե՞րը…
Ամենացավալին այն է, որ Փաշինյանը չի էլ գիտակցում, որ իր որոշ գնահատականներով այսօր էլ, 44-օրյա պատերազմից տարիներ անց, դեռ շարունակում է թուլացնել Հայաստանը, երբ ինքն է խոստովանում. «… Ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ այդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչեւ ո՞ւր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի, մինչեւ ո՞ւր: Եթե զիջման չափը տեսանելի է, գիտես, որ դու այսքանը պետք է զիջես եւ վերջ, այս պատմությունն ավարտվում է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որը եղել է, այսօր պրոբլեմը դրա մեջ է…»: Ապա հավելում է. «Իմ պրոբլեմն ուղիղ ասում եմ՝ պարզ չի, թե որտեղ է այդ զիջման կամ փոխզիջման ճկունության սահմանը, որ գամ ասեմ՝ ժողովուրդ, տեսեք, այս զիջումն արվել է, բայց վերջ: Պրոբլեմն այդ է, որ գիծը չի երեւում զիջման, որ այդքանը զիջեցիր՝ դրանով ավարտվեց պատմությունը: Իշխանությունը կարող է դրանից հետո հրաժարական տա, ժողովուրդը նոր իշխանություն ընտրի, նախորդ իշխանությանն ասի՝ դավաճան էր, այդքան զիջում արեց, բայց դրա արդյունքում դա կլինի ներքին դիսկուրս՝ առանց արտաքին մարտահրավերների: Այդ սահմանը չի երեւում»:
Այսինքն, Հայաստանն այսօր հասցվել է մի վիճակի, որ մեր պետությանն արդեն թույլ չեն տալիս ունենալ «կարմիր գծեր» ու «զիջման սահմաններ»: Ու ցավալին այն է, որ բոլորը` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ, գիտակցում են սա, բոլորը գիտեն, թե ինչու ենք այս վիճակում հայտնվել, բայց ոչ ոք իր մասով չի վերցնում իր գործած սխալի պատասխանատվությունը, չի խոսում դրա մասին:
Հայաստանն արդեն մոտ է այն վիճակին, երբ նրա փոխարեն կկայացնեն որոշումներ, հետո ՀՀ իշխանությանը կամ կտեղեկացնեն, կամ` դա էլ, հնարավոր է, նպատակահարմար չգտնեն անել:
Ու այս իրավիճակում, Հայաստանն այսօր պառակտված է առավել, քան երբեւէ, Հայաստանում բոլորը պառակտելու, «քեն քշելու» հարցում «վարպետության դասեր» կարող են տալ` «ինչպես քարուքանդ անել ամեն ինչ` հիմնովին» թեման գործնականում կիրառելիս:
Անելանելիության, անճարության արձանագրում չէ սա: Ցանկացած բարդ, ծանր, փակուղային իրավիճակներից դուրս գալու ելքեր, հնարավորություններ, չարյաց փոքրագույնն ընտրելու ճանապարհներ, վստահաբար, կարելի է գտնել: Պարզապես մեր խնդիրն այն է, որ Հայաստանում բոլորն ունեն իրենց «պատճառներն» ու «պատճառաբանությունները», թե ինչու չպետք է օգտվեն այդ հնարավորություններից:
Իշխանությունը մտել է իր համար «հարմարավետ» դաշտ, շարունակում է աշխատել իր իսկ ձեւավորած քարոզչական հնարքի ուղղությամբ` «ով էլ լիներ Նիկոլի փոխարեն` նույնն էր լինելու, նույն պայմաններն էին Հայաստանի առջեւ դնելու», եւ սրանով իսկ արդարացնում է հայկական պետությանը «մատուցվող» նորանոր պարտություններն ու զիջումները: Ընդդիմությունն էլ իր հերթին, այս ամենը գիտակցելով` իր «հարմարավետ» դաշտն է զբաղեցրել` «Նիկոլն է երկիրը հասցրել էս վիճակին, թող ինքն էլ լուծի, հեռանա, հետո կտեսնենք, ինչ ենք անում…» սկզբունքով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 12.01.2023