Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղիղ կապ չեմ տեսնում ՄԱԿ-ի գործընթացների եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ձգձգումների միջեւ»

Հունվար 13,2023 14:30

Փաստաբան Սիրանույշ Սահակյանը Միջազգային արդարադատության դատարանում փոքր է գնահատում Ադրբեջանի պահանջների բավարարման շանսերը։

«Նման հայցի համար իրավական եւ փաստական հիմքերը բացակայում են»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված երկրորդ հայցին՝ ականապատման հարցով հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Հայաստանին պարտավորեցնելու դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» եւ դադարեցնելու օգտագործել Լաչինի ճանապարհը՝ «ականները Ղարաբաղ տեղափոխելու համար»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ամրագրված է. «Ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների միտումնավոր խախտման՝ ադրբեջանական կողմը երկրորդ բողոքն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։

Սիրանույշ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ շանսեր ունի՞, արդյոք, Ադրբեջանը հաջողության հասնելու Հաագայի դատարանում, քանի որ նրա՝ նմանատիպ հայցն արդեն մեկ անգամ այդ դատարանը մերժել է։ Փաստաբանը պատասխանեց. «Ուղղակի Ադրբեջանն այն մոտեցմամբ է գործում. մշտապես հայելային արտացոլանք է ստեղծում՝ փորձելով նույնական վիճակ ներկայացնել միջազգային հանրությանը, որ միջազգային հանրության արձագանքը լինի հավասարակշռված, արհեստականորեն փորձ է անում միջազգայնորեն հավասարության նշան դնել անհավասար իրավիճակների համար։ Դրա համար այս հայցի ներկայացումն էլ պետք է այդ քաղաքական լույսի ներքո տեսնենք ու գնահատենք»։

Սիրանույշ Սահակյանի հավաստիացմամբ՝ հայցի՝ արհեստածին լինելու մասին է վկայում նաեւ նախապատմությունը. «Ի սկզբանե Լաչինի շրջափակմանը մոտեցել են՝ որպես շրջակա միջավայրի հետ առնչվող խնդիր՝ բնապահպանական նախաձեռնության շրջանակում, եւ պետությունը փորձել է թաքցնել իր ներգրավվածությունն այդ գործողություններում։ Եվ քանի որ միջազգայնորեն հիմնավորվեց, որ այդ բնապահպանները կեղծ են, իրականում նրանք հատուկ ծառայության աշխատակիցներ են, հստակ ուղղորդվում, ֆինանսավորվում են հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից, այժմ առաջ է քաշվում նոր նարատիվ. այն է, որ Լաչինի միջանցքն օգտագործվում է ոչ խաղաղ ռազմական նպատակներով»։ Սիրանույշ Սահակյանը Միջազգային արդարադատության դատարանում փոքր է գնահատում Ադրբեջանի պահանջների բավարարման շանսերը։ Այս առիթով ասաց. «Իհարկե, իրավական գործընթացներում էլ ոչինչ բացառել չեմ կարող, բայց մասնագիտորեն հիմնավոր չեմ համարում այդ պահանջը եւ մեծ հավականություն չէի տա այդ պահանջները բավարարելու մասով»։

Մեր դիտարկմանը՝ Ադրբեջանի ներկայացրած հայցում ամրագրված է, թե իբր հայկական կողմն ականները տարել, Լաչինի միջանցքի մոտ է տեղադրել եւ այլն եւ հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ այս տրամադրվածությունը, ինչպե՞ս կարելի է գնահատել Լաչինի միջանցքի բացման հավանականությունը մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Սա քաղաքական աշխատանք է ենթադրում, եւ անկեղծ ասած՝ ուղիղ կապ չեմ տեսնում ՄԱԿ-ի գործընթացների եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ձգձգումների միջեւ։ Արդեն իսկ կան տարբեր պետությունների, կառույցների կոչեր՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ունենք նաեւ ՄԻԵԴ որոշում, որը դարձյալ պահանջում է խաղաղ անցում ապահովել հիվանդների եւ անապաստան, ճանապարհին մնացած ճանապարհորդների համար։ Ուղղակի Ադրբեջանը, հաշվի առնելով էներգետիկ հարցերում այլ երկրների հետաքրքրությունների մեծացումը ադրբեջանական ռեսուրսների նկատմամբ, ավելի լավ է դիրքավորվել եւ այդ դիրքային առավելությունն օգտագործում է, փորձում է ձգձգել Լաչինի միջանցքի բացումը։ Սակայն վստահ եմ, որ քաղաքական ճանապարհով այս խնդիրը լուծելի է։ Ոչ կարճաժամկետ հեռանկարում, երկարաժամկետ հեռանկարում դա լուծելի է։ Որոշակի բարդություններ կապված են Ռուսաստան-Արեւմուտք առճակատման, բախման հետ այս տարածաշրջանում։ Նրանք հակադիր շահերի տեսանկյունից են գործում, եւ այդ ռեսուրսը մասնատված է, որի պայմաններում կա մրցակցություն, եւ դա չի բխում մեր շահերից»։

Հիշեցրինք՝ հունվարի վերջին Լաչինի միջանցքի հարցով լսումներ են նախատեսված Արդարադատության միջազգային դատարանում։ Այնուհետեւ հարցրինք՝ ի՞նչ սպասելիքներ ունեք այդ գործընթացից։ Փաստաբանն ասաց. «Ընդունված պրակտիկա է. անհապաղ միջոցի հարցով եւս ՄԱԿ-ի դատարանը հրավիրում է բանավոր լսումներ։ Սա մեծ հնարավորություն է խնդիրը հանրայնացնելու եւ փաստարկված ձեւով հայկական կողմի դիրքորոշումները ոչ միայն դատարանին, այլեւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Կարծում եմ՝ իրավունքը հայկական կողմի շահերն է պաշտպանում, ուստի լավ պատրաստված ելույթների պարագայում մեծ կլինի հավանականությունը, որ ՄԱԿ-ի դատարանը կմերժի Ադրբեջանի խնդրանքը եւ, ավելին, հրապարակային լսումներն ավելի կհանրայնացնեն հայկական դիրքորոշումները եւ մարդասիրական այս ճգնաժամի աղետալի հետեւանքները՝ միգուցե բարձրացնելով կոշտ գործելու՝ միջազգային կառույցների պատասխանատվությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031