Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դեպքում մեզ կօգնեն

Հունվար 13,2023 10:00

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ-ի զորավարժությունները չեղարկելն արդեն քննարկվել է մի քանի կողմերից: Եթե պատճառը հենց այն է, որը բերում է վարչապետ Փաշինյանը՝ այդ զորավարժություններով մենք կգրգռեինք Ադրբեջանին, ապա դա պետք է ընկալել որպես զիջում հակառակորդին: Ես դեմ չեմ զիջումների, եթե դրանց դիմաց դու ինչ-որ բան ես ստանում, այսինքն՝ ինչ-որ արդյունքի ես հասնում: Տվյալ զիջման արդյունավետությունը կարելի է ստուգել Իլհամ Ալիեւի ասուլիսով, որտեղ Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ «կանցկացնի» Հայաստան-Ադրբեջան սահմանն այնտեղ, որտեղ իրե՛ն է հարմար, եւ սպառնում էր ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»: Հետեւաբար, եթե դա քայլ էր «խաղաղության օրակարգն» առաջ տանելու ուղղությամբ, ապա, կարելի է ասել, դրանով ոչ մի առաջխաղացում տեղի չունեցավ:

Իմանալով Փաշինյանի բնավորությունը՝ կարող եմ ենթադրել, որ գուցե զորավարժությունները չեղարկելը զուտ էմոցիոնալ որոշում էր՝ Ռուսաստանին ինչ-որ բան հասկացնելու: Մոտավորապես այսպես. «Ախ, դուք իմ ինքնիշխան տարածքը չե՞ք պաշտպանում, Լաչինի միջանցքը չե՞ք բացում, դե, ես, ուրեմն, ձեզնից նեղացել եմ՝ ոչ մի զորավարժություն էլ չեմ անի»: Այդպես երեխան կարող է իր ծնողից կոնֆետ կորզել՝ «լավ, բալիկ ջան, մի՛ նեղացիր, կտանք քո ուզածը»: Բայց քաղաքականությունն այդպես չի աշխատում՝ քո նեղանալը դու չես կարող ոչ մեկի վրա ծախել, պետք են ավելի շոշափելի բաներ:

Բայց հնարավոր է, որ այստեղ լինի ավելի հեռահար հաշվարկ՝ Փաշինյանը պատրաստվում է ռուսներին այստեղից «ճանապարհել» եւ հրավիրել այլ հովանավորների: Զուտ տեսականորեն՝ վատ տարբերակ չի՝ Ռուսաստանն իրեն իսկապե՛ս դաշնակցի պես չի պահում: Այդ տարբերակի միակ «թերությունն» այն է, որ այն անիրագործելի է: Ամերիկյան կամ ֆրանսիական զորախումբը կազմուպատրաստ կանգնած չէ, որ գա այստեղ եւ ռուսներին փոխարինի:

Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, եւ դրանցից մեկը հետեւյալն է. ի տարբերություն Հայաստանի եւ Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները ղեկավարվում են ռազմավարական ծրագրերով, որոնք մշակվում են մի քանի տարվա եւ մի քանի տասնամյակների համար: Դա ունի իր առավելությունները՝ ամեն րոպե պահի տակ որոշումները չեն փոխվում, ինչպես որ դա կատարվում էր վերջին 4,5 տարում Հայաստանում: Նման մոտեցումն ունի նաեւ թերություններ. երբ տեղի են ունենում որոշակի կտրուկ փոփոխություններ (օրինակ, Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա), ամերիկյան պետական մեքենան չի կարողանում դրան արագ արձագանքել: Հակառակ դեպքում՝ ուկրաինացիների գործերը շատ ավելի լավ կգնային:

Բայց, անկախ նրանից, թե ումից ենք մենք աջակցություն ակնկալում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, թե Իրանից, մեզ աջակցելու են միայն այն դեպքում, եթե տեսնեն, որ մենք պատրաստ ենք կռվել, պայքարել, զոհողությունների գնալ, չհանձնվել: Նույն Ուկրաինան այդ առումով լավ օրինակ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում գրգռել Ալիեւին, ապա ասեք խնդրեմ ինչ կանի Իրանը, եթե իր քթի տակ ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի այլ երկրի զորք լինի: Ռուսաստանով հիացած չեմ եղել ու չեմ, բայց իրականությունն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է այնպես արել, որ Ռուսաստանը այստեղ տերուտնօրեն է ու ինչ ուզում անում է: Նիկոլ էլ դա ընդունում է ու ի լուր աշխարհի հայտարարում, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է:

    Բոլոր ծրագրերում պետք է Իրանի մասին հիշել, մի բան որ այսօրվա Հայաստանը չի անում:

  2. Արսեն says:

    Չեմ կարծում, որ Ուկրաինան լավ օրինակ է։ Ուկրաինայի օրինակը ապացուցուցում է, թե ինչքան անկարող կամ անպատասխանատու կարող է լինել միջազգային հանրությունը՝ իր միջազգային օրենքներով։
    Ուկրաինայի տառապանքները չեի ցանկանա ոչ մի պետության։

  3. Հայ says:

    Մենք լավ էլ պատրաստ ենք պայքարելու: Մեզ, եթե Ուկրաիայի աջակցության 10 տոկոսի չափով օգնեին,մեր տղերքին կանգնացնել չէր լինի:

  4. Լավատես says:

    Մի քիչ էլ սպասենք, քիչ մնաց, էն մութուցուրտն ու բլոկադան հեսա էլի կվերադառնան, Արցախից կսկվի, հետո կանցնի մեր մնացած բոլոր շրջաններին ու դա շատ լավ է, որ մի բախտի լինենք, երբ մենք մի բախտի ենք, այն ժամանակ էլ ամեն մեկիս մեջ արթնանում է իսկական նորմալ առողջ հայը: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  5. 1. Մեզ չեն օգնի (այն իմաստով ինչպես ուկրայնացիներին): Օգնողները ակնկալում են մեծաթիվ բանակ թունդ ատողների…Մենք քչաթիվ ենք, նախ և շատ անցանկալի կլինի այդ օգնությունը մերձակա հարևանների համար, նաև: Երրորդ հերթին, վատ օրինակ կլինի աշխարհի այլ նման վիճակում գտնվողների համար` “ինքնորոշման իրավունք…” Նաև այն հանգամանքը որ հայը չի կարող ատել ռուսին` այդ զգացմունքը ունի միայն մեկ կրող:
    2. Ուկրայնացիներից սովորեցրին ատել ռուսներին: Պատերազմները Ուկրաինայում հրահրողները ողողում են այն զենքով ու թամաշա անում թե ինչպես են երկու եղբայր (քրիստոնյա, սա նույնպես հաշվարկ է) ժողովուրդ կոտորում իրար: Երկուսն էլ ահռելի թուլացած են դուրս գալու պատերազմից: Իսկ կատարվողի իրական տերերը հավաքելու են ավարը: Ուկրայնացին (ռուսը) հետո, երբ սառի ատելու է ինքն իրեն:
    3. Պատերազմները հենց ընենց չեն սկսվում: Ավելի ճիշտ` պատերազմները երբեք չեն ավարտվում: Նրանք կերպարանափոխվում են մեկ այլի: Ուկրաինայի հետ պատերազմը արհեստականորեն է ձգձգվում որպեսզի հասունանա պայմանները պատերազմի Իրանի դեմ: Ի դեպ. ուկրայնացիներին հիմա լավ “մշակում են” նաև իրանցիներին ատել նույն ուժգնությամբ ինչպես ռուսներին: Հիշո՞ւմ եք իսրաելական դրոններից հետո ինչ ալիք անցավ հայերի միջով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031