Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 6-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի Դեմեր կոչվող տարածքում տեղի ունեցած դանակահարության դեպքով առայժմ կա մեկ մեղադրյալ: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը քիչ առաջ դատարանը մերժեց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները Երանոս համայնքի բնակիչներ են, միայն մեղադրյալն է Վարդաձորից:
Արդյոք վիճաբանության մասնակիցները ընկերներ են, թե բարեկամներ, մեղադրյալի պաշտպան Վարդան Ղաջոյանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, ասաց՝ նախաքննության շահերին կվնասի այդ տեղեկությունը: Նա չհայտնեց նաեւ վիճաբանության պատճառը: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք երիտասարդների վիճաբանության պատճառը Լաչինի միջանցքի փակ լինելն է, փաստաբանն ասաց՝ ոչ հերքում է, ոչ հաստատում, բայց ակնարկեց՝ նման մի բան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ