Կա սկզբունքային դիրքորոշման փոփոխություն, և այդ մասին հայկական կողմը, լավ կլինի, առաջին հերթին հրապարակային խոսի սեփական ժողովրդի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մի շարք ոչ հստակ բաներ ցավոք մեր դիրքորոշման մեջ չեն, այլ շատ ոչ հստակ բաներ, մասնավորապես, եթե մենք խոսում ենք հայկական կողմի մասին, նրանց մոտեցումներում է: Եվ հնարավոր է, երբ այնտեղ որոշակիորեն պարզաբանում տրվի այդ մոտեցումներին, այն ժամանակ բոլորի համար շատ բան պարզ կլինի, և մենք ձեզ հետ ավելի շատ հնարավորություն կունենանք պատասխանելու գործնական հարցերի, ոչ թե բացատրել այն, ինչ պետք է հայտարարվեր այդպիսի սկզբունքային դիրքորոշման մասին»,- ասել է Զախարովան: – Բոլոր համար էլ բազմաթիվ անհասկանալի բաներ կան, բայց դա մե՛զ մի ուղղեք: Դա՝ այնտեղ»:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները՝ Զախարովան ասել է, որ խնդիրը բարդ է, և եթե «մենք փորձենք դուրս բերել կոնկրետ հայտարարություններ և դրանց որոշակիորեն արձագանքենք, դա անիմաստ է և կհանգեցնի լրացուցիչ բարդությունների»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի քաղաքական մոտեցում, որը հիմնված է «ոչ թե պոպուլիզմի, քաղաքական կոնյունկտուրայի վրա, այլ մի շարք համալիր հստակ քայլերի վրա»:
Կարդացեք նաև
«Բայց եթե գնանք դիրքորոշումները միակողմանիորեն փոխելու ճանապարհով (անգամ փոխելու չէ, հասկացեք, տարբեր իրավիճակների հարցում սեփական դիրքորոշումը վերաձևակերպել գուցե ոչ կտրականապես տարբեր, բայց այնպես, որ այն փոփոխություններ հաղորդի այն գնահատականներին, որոնք տրվել էին նախկինում), ապա դա հետագայում էլ այսպիսի լարվածություն կստեղծի: Դա ակնհայտ է: Եթե կան պայմանավորվածություններ, մարդիկ կամ դրանց հետևում են, կամ չեն հետևում, բայց այդ ժամանակ պետք է ասել, որ մոտեցումները փոխվել են, և այդ մասին պետք է նաև անկեղծ հրապարակային ասել առաջին հերթին սեփական մարդկանց: Հասկանու՞մ եք: Դիվանագիտությունն իհարկե հետաքրքիր բան է և այն ենթադրում է տարբեր մեթոդներ և հնարքներ, բայց մի անգամ էլ. ես այսօր արդեն բազմիցս այս բառն օգտագործեցի. կան սկզբունքային հարցեր, հասկանու՞մ եք, սկզբունքային: Դրանք մարտավարության, ռազմավարության հարցեր չեն. դա պետության դիրքորոշման սկզբունքային ձևակերպման հարցն է»,- ասել Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ