Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ գերի հանձնվեմ, մենակ թե մամայիս մարմինը տանեմ Մարտունի»․ Դավիթը շրջափակման պատճառով Երևանում մահացած մոր մարմինը չի կարողացել տեղափոխել Արցախ. 168.am

Հունվար 12,2023 23:25

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 34-ամյա Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի սկզբին մոր՝ 56-ամյա Լորետա Հովհաննիսյանի հետ բուժման նպատակով եկել էր Հայաստան և մնացել շրջափակման այս կողմում, իսկ հիմա ոչ թե չի կարողանում մոր հետ տուն վերադառնալ, այլ չի կարողանում մոր մարմինը տեղափոխել հայրենի գյուղ և հողին հանձնել․ տիկին Լորետան հունվարի 4-ին հիվանդանոցում մահացել է։

Դավիթը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ բուժման նպատակով առաջին անգամ մոր հետ Երևան էր եկել 2022 թվականի նոյեմբերի 10-ին։

«Մամային բուժման նպատակով բերել էի Երևան, որ լեղածորանը ստենդավորեին, լեղապարկն Արցախում էին հեռացրել։ Նոյեմբերի 11-ին մամային բերել ենք Միքայելյան հիվանդանոց, որ վիրահատեին՝ ստենդավորեին, ինձ ասացին՝ 40 րոպեից մինչև 1 ժամ է տևելու, բայց 5 ժամ անցել էր, ոչ մի տեղեկություն չունեի։ Հետո բժիշկն ասաց՝ շատ հնարավոր է, որ ուռուցքային պրոցես կա, լեղածորանը փակ է, չենք կարողանում ստենդ դնել։

Նոյեմբերի 17-ին դրենավորեցին, որ լեղու դեմն առնեին, մաման կարողանար քիմիաներ ընդունել։

Նոյեմբերի 29-ին դուրս են գրել մամային, եկել ենք Հրազդան՝ բարեկամի տուն, 2 օր անց նորից գնացել ենք անալիզներ հանձնել, ասացին՝ դրական է, դեպի լավն է գնում։ Արդեն քիմիաթերապիայի համար խոսել էի, որ այդ պրոցեսից հետո քիմիան սկսեր ընդունել, ինչքան արագ՝ այնքան ավելի լավ, որ ուռուցքի դեմն առնեինք։

Դեկտեմբերի 3-ին մամային տարա տուն՝ Ղարաբաղ, 11-ին նորից հետ եկանք։ 12-ին ճանապարհը փակվեց, դրանից մաման ավելի ընկճվեց՝ բա երեխեքս, թոռներս, դե միայն ես ու մաման էինք, մեր ընտանիքն Արցախում է։

Մտածում էինք՝ շուտ կբացվի ճանապարհը, ես էլ պետք է գնայի, որ փոքր ախպերս գար, ես 3 օր արձակուրդ էի վերցրել, որ մամային բերեի, հետո ախպերս գար ինձ փոխարիներ։

Ամսի 11-ին էլի անալիզների հետ կապված խնդիրներ կար, քիմիան էլի չստացավ, դեկտեմբերի 15-ին պառկեցրել էինք, որ անալիզները կարգավորվեին, բայց ուռուցքն արդեն իր սև գործն անում էր։

Այնպես եղավ, որ մայրս հունվարի 1-ին վատացավ, տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, հունվարի 4-ին մահացավ․․․ Գնացի ամեն տեղ դիմեցի, որ տանեմ Արցախ, մեր ընտանեկան գերեզմանատանը հողին հանձնենք, բայց չեղավ։ Կարմիր խաչ դիմել եմ, Հայաստանում Արցախի ներկայացուցչություն դիմել եմ, օպերատիվ շտաբ դիմել եմ, ինչքան կառույց կա, բոլորին դիմել եմ, անցած կիրակի մտածում էի՝ գնամ ռուսների հետ խոսեմ, մտածել եմ, գուցե մի ձև անեմ՝ մամայի մարմինը տեղափոխեմ:

7-րդ օրն եմ մորս հողին հանձնել, Արարատի մարզում մի բարեկամ ունենք, իրենց գերեզմանատանը ժամանակավոր հուղարկավորեցինք, մինչև ճանապարհը բացվի՝ տեղափոխենք Արցախ։

Պապայի, եղբայրներիս հետ խորհրդակցեցինք, որ Հայաստանում ժամանակավոր հուղարկավորենք, պայմանով, որ ճանապարհը բացվելուց հետո արտաշիրմում անենք։

Ես պատրաստ եմ թեկուզ գնամ Ադրբեջանում գերի հանձնվեմ, մենակ թե մամայիս մարմինը տանեմ Մարտունի։ Գնամ ադրբեջանցիներին ասեմ՝ ինձ գերի պահեք, մենակ թե մամայիս դիակն անցկացնեմ, էնքան որ, տանենք մեր պապական հողում հուղարկավորենք։

Ես մտածում եմ, որ այնտեղ պետք է ապրեմ, ուրիշ տեղ չունեմ ապրելու, չեմ էլ մտադրվում, պետք է տանեմ այնտեղ, որ թեկուզ մեռելոցի օրերին, իմ ուզած վախտը, երբ նեղսրտեմ, գնամ մամայիս գերեզմանին խունկ ծխեմ, շիրիմին մի հատ ծաղիկ դնեմ, մի քիչ թեթևություն զգամ։

Հիմա Արցախում հայրս է ու 2 եղբայրներս, մեծ եղբայրս ամուսնացած է, կնոջ ու երեխաների հետ, բոլորով միասին ենք ապրում։ Հիմա հորս, եղբայրներիս համար ավելի դժվար է, քան ինձ համար, գնամ, որ այս դժվարությունը միասին հաղթահարենք։

Ես ինձ միշտ հույս էի տալիս, որ մայրս պետք է լավանա, պետք է միասին գնանք, ասում էի՝ մամա, դու պետք է բուժվես, միասին պետք է գնանք տուն, բայց․․․»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031