«Մենք հասկանում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները տգեղ, անընդունելի վերաբերմունք ցուցաբերում, ծաղրում եւ սադրում ՌԴ խաղաղապահներին, որ ուժ օգտագործեն։ Հիշեցնում եմ, որ խաղաղապահների մանդատն այդ մասով սահմանափակ է։ Հույս ունենք, որ Ռուսաստանն ավելի ակտիվ կմասնակցի այս խնդրին եւ ավելի ակտիվ քաղաքական մանդատ կունենա»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Միջազգային ԶԼՄ-ներից մեկը հետաքրքրվեց՝ ՌԴ-ն ի վիճակի՞ չէ խնդիրը լուծել, թե պարզապես չի ցանկանում լուծել: Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «ՌԴ-ի դերը մեծ է, բայց ՌԴ-ն մի մասն է միջազգային հանրության։ Ադրբեջանը կղզիացած չէ, հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, գազ է մատակարարում պայմանագրով։ Մի գնացեք Ադրբեջան, մի թողեք միջազգային միջոցառումներ կազմակերպել, մի թողեք իրենց գալ ձեր մոտ հանգստանալու․․․»։
Ռուբեն Վարդանյանը նաեւ շեշտեց, որ ՌԴ խաղաղապահների մանդատը սահմանափակ է, թվաքանակը՝ քիչ․ «Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահը զգա, որ ինքն իրապես մեծ դեր ունի, որ մենք հայերով հասկանում ենք իրենց դժվար իրավիճակը։ Վերջ տվեք ռուսներին թիրախավորելուն այս իրավիճակում։ Հասկացեք, որ օգնում եք ադրբեջանցիներին․ ռուս խաղաղապահը չլիներ, մենք այստեղ չէինք լինի։ Ինչի՞ մասին եք հարցնում, որ իրենց քննադատե՞մ։ Չեմ անելու, որովհետեւ իրենք չլինեին՝ մենք չէինք լինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ