Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին պարեկները կենտրոնական Վարդանանց հրապարակից բերման են ենթարկել ոստիկանության Կումայրի բաժին։ Նրա կինը՝ Անգին Մալխասյանն ահազանգել էր, որ ամուսնուն առևանգել են իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ։
Կարապետ Պողոսյանի թիմակից, քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մանրամասնել է, որ ընդդիմադիր իրավապաշտպանին բերման են ենթարկել երեխային տուն տանելիս, գետին տապալելով․ նա վնասվածքներ ունի։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Կարապետ Պողոսյանը բերման է ենթարկվել։
Քանդակագործ Արթուր Գևորգյանը քիչ առաջ նոր գրառում կատարեց՝ նշելով, որ Կարապետը ձերբակալված է, նրան վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Կարապետ Պողոսյանին հիվանդանոց են տեղափոխել ձախ բազկի շրջանում կապտուկներով և ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Նա այժմ հետազոտվում է։
Թե որն է նրան բերման ենթարկելու, առավել ևս ձերբակալելու հիմքը, պաշտոնական տեղեկատվություն դեռ չեն տրամադրում, մեզ տեղեկություններ են հասել, որ որոշակի խնդիրներ կան պարեկների հետ կապված։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ