Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան․ «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի շախմատիստների վարկանիշները զիջում են իրենց իրական ուժին»

Հունվար 12,2023 20:22

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունների բացման արարողությունը եւ վիճակահանությունը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը պատասխանեց Aravot.am-հարցերին։

-Վաղը մեկնարկող Հայաստանի առաջնությունն ինչո՞վ կառանձնացնեք նախորդներից։

-Նախ, ստացվել է այնպես, որ ազգային հավաքականում սերնդափոխության պատճառով այս առաջնությունը միջին վարկանիշով մի փոքր զիջում է նախորդներին։ Երկրորդ, տարբեր պատճառներով երկու շախմատիստներ չեն կարողացել մասնակցել եւ նախորդ տարիների 12 մասնակիցների փոխարեն այս տարի պայքարն ընթանալու է 10 հոգու միջեւ։ Իսկ սերնդափոխության մասին որ ասում եմ, բոլորս հիշում ենք, որ մեր տղամարդկանց հավաքականն անցած տարի համաշխարհային օլիմպիադայում փայլուն ելույթ ունեցավ՝ հավասար միավորներով բաժանելով 1-2-րդ տեղերը։ Դրանից հետո, ըստ վարկանիշերի, հավաքականի կազմի մեջ արդեն ամրապնդվեցին մեր երիտասարդ շախմատիստներ, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, չնայած նրանք մեր օլիմպիական հավաքականի կազմում չեն եղել, քանի որ չէին հաղթահարել անցած տարվա պահանջները։

Հիմա այս առաջնությունը մասնակիցների տարիքային կազմով երիտասարդացել է եւ ավելի երիտասարդներ հնարավորություն են ստացել իրենց դրսեւորելու բարձրագույն խմբում։ Օրինակ, խաղալու է Հայաստանի անցած տարվա 18 տարեկանների չեմպիոն, Վանաձորը ներկայացնող  Սարգիս Սարգսյանը, որը հիմա ծառայում է Հայոց բանակում։ այսինքն, ՖԻԴԵ-ի վարպետը անցել է բարձրագույն խումբ։

-Պահպանվո՞ւմ է ավանդույթը, որ Հայաստանի չեմպիոնը համալրելու է ազգային հավաքականը։

-Այո, պահպանվում է։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին մեզ սպասվում է Եվրոպայի հերթական թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանը երեւի պետք է փորձի հաստատել օլիմպիական իր արդյունքը եւ զբաղեցնել իր բարձր դիրքը։

-Հավաքականը երիտասարդացել է, բայց Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը միջազգային մրցաշարերում փայլուն մրցելույթներ են ունենում։

-Ճիշտ եք։ Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի շախմատիստների վարկանիշները զիջում են իրենց իրական ուժին։ Նրանք շատ դեպքերում շատ ավելի բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս։ Իսկ Հայկն ու Շանթը անցած տարի աննախադեպ աճ են արձանագրել։ Այնպես որ մոտենում են նրան, որ ոչ հեռու ապագայում գլխավորեն Հայաստանի հավաքականը։

Բայց այստեղ անպայման պիտի նշել նաեւ, որ մեր ընտրանին գլխավորում է Գաբրիել Սարգսյանը, որը հիանալի մրցելույթ ունեցավ ոչ միայն օլիմպիադայում, այլեւ Եվրոպայի առաջնությունում, որտեղ նույնպես բաժանեց 1-2-րդ տեղերը։ Եվ մենք հույս ունենք, որ Գաբրիելը կշարունակի բարձր մակարդակով իր խաղը։

-Ի՞նչն է պատճառը, որ Հայկը, Շանթը, Հովհաննես Գաբուզյանը եւ առաջատար գրոսմայստերներից էլի մի քանիսը չեն մասնակցում այս առաջնությանը։

-Ավանդույթ է ձեւավորվել, որ հավաքականի անդամները Հայաստանի առաջնություններին չեն մասնակցում, որովհետեւ այն նաեւ հավաքական ընդգրկվելու ընտրական փուլ է։ Նրանք չեն ուզում չեմպիոնության, հետեւաբար, նաեւ հավաքականը համալրելու համար պայքարին մասնակցել, ինչ-որ մեկի հաջողության կամ անհաջողության պատճառ դառնալ։ Ինձ թվում է, նույն պատճառով հանդես չի գալիս նաեւ օլիմպիադայի մասնակից, մեր փորձառու գրոսմայստերներից Արման Փաշիկյանը, որը տղամարդկանց հավաքականի մարզիչն է։ Այսպես նա կկարողանա արդար պայքարում ճիշտ ընտրություն կատարել։ Հրանտ Մելքումյանը վերջին շրջանում մարզվում եւ մրցումների մասնակցում է դրսում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կրկնակի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին, նա վերջերս է ամուսնացել։ Դա ուրախալի է եւ նրա բացակայությունը, կարծում եմ, հարգելի է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031