«Այդ ասուլիս կոչվածը հրավիրված էր մի քանի նախադասություն հնչեցնելու համար, եւ դրանցից մեկն այն անհեթեթությունն էր, որն ինքը ասել էր՝ կապված ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ: Նաեւ՝ ինքը հերթական անգամ փորձեց մաքուր ադրբեջանական թեզեր հնչեցնել՝ ՄԱԿ-ի 4 բանաձևերի հետ կապված, որոնք աշխարհում բացի Ալիևից՝ հորից և որդուց, իրենց տարբեր կալիբրի պաշտոնյաներից երբեք ոչ մեկից չեմ լսել: Այսինքն, փաստացի միայն ադրբեջանցիներն ու Փաշինյանն են խոսում այդ բանաձևերից: Նույնիսկ պառլամենտական տիրույթում իր թիմակիցները չեն հանդգնում խոսել այդ մասին»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուսական առաջարկների վերաբերյալ՝ նշելով, որ դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ միևնույն հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը միանգամայն տարբեր է, լրագրողները Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՌԴ կողմից այս արձագանքը չի վկայում այն մասին, որ ՌԴ-ն ՀՀ-ին այլևս չի ընկալում՝ որպես լուրջ և վստահելի գործընկեր:
«Երկրագնդի վրա ինչ-որ մարդ կա՞, որ Փաշինյանին լուրջ է վերաբերվում, որ մի հատ էլ ՌԴ քաղաքական ինստիտուտները լուրջ ընկալեն: Տրամաբանությունը շատ պարզ է. Փաշինյանը մոտավորապես տասն անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական տարբերակը և պատրաստ է ստորագրել, պայմանական անվանենք, արևմտյան տարբերակը, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ռուսական տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հարցի հետաձգում, իսկ հավաքական արևմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում, որովհետեւ մեր բոլոր եվրոպացի գործընկերները, որոնց հետ այս ընթացքում ես հասցրել եմ հանդիպել եւ զրուցել, ինձ պատասխանում են նույնը՝ իսկ ձեր կառավարությունը ինչ-որ պահանջներ ներկայացրե՞լ է. դրա շուրջ էլ բանակցել ենք: Այսինքն, Արցախի կարգավիճակի, Արցախի ինքնորոշման հարցը, այսպես կոչված, պաշտոնական Երեւանի պահանջների շարքում չի եղել: Հիմա՝ ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ոնց կարելի է միաժամանակ ստորագրել երկու՝ ահռելի քանակությամբ իրար հետ հակասություն ունեցող պայմանագրեր»,- եղավ պատասխանը:
Ստեղծված իրավիճակի կտրուկ շրջադարձ, ըստ Հայկ Մամիջանյանի, հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի հիմնական բանակցողը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ