Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ը Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին խնդրեց պարզաբանել իր հետեւյալ հայտարարությունը՝ «մենք բլոկադայի մեջ ենք, բայց դա 100 տոկոսանոց չի, ունենք կյանքի ճանապարհներ, որ մեզ թույլ են տալիս մի թեթև դեղ, ուտելիք բերել»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմի ցանկացած հայտարարություն Ադրբեջանը վերլուծում է, անում հետեւություններ եւ դրանք առաջ տանում ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին դիվանագիտական հարթակներում։
Ռուբեն Վարդանյանը նշեց․ «Իրենք հաշվել են, թե քանի մեքենա է այս ամսվա ընթացքում մտել Արցախ՝ ՌԴ խաղաղապահների կողմից եւ Կարմիր խաչի։ Դա մեկ օրից էլ քիչ քանակ է մեքենաների, քան եղել է մինչեւ բլոկադան։ Երկրորդ, անգամ Լենինգրադի ամենածանր բլոկադան ունեցել է կյանքի ճանապարհ։ Փոքր բաների մասին է խոսքը։ Նորից ասեմ, որ բլոկադան Չեռնոբիլի սարկոֆագ չէ, այլ այն վիճակը, երբ դեղերի, վառելիքի, սննդի, ամեն հարցում կա պակասուրդ, եւ մարդիկ ամենօրյա կյանքում դա տեսնում են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ