«Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Փաշինյանն ամեն կերպ փորձում էր սիրահետել, դուր գալ Թուրքիային եւ Ադրբեջանին եւ, ի վերջո, դա ոչ միայն խոսքերով երեւաց, այլ նաեւ գործով, երբ նա հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից տարածաշրջանում, այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ վերջին երկու տարվա ընթացքում, 4-5 անգամ արդեն եղել են»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին:
Այս համատեքստում՝ անդրադառնալով այսօր, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ԱԽ հայտարարության առիթով, Արցախի իշխանություններին ուղղված խոսքին էլ, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Փաշինյանը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ Արցախում դեռ կան ուժեր, որոնք Արցախի տեղը տեսնում են Արցախում եւ անկախ. «Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ չանենք հայտարարություններ, որ կսրեն իրավիճակը. ի՞նչ է առաջարկում, Ռուբեն Վարդանյանը կանգնի եւ ասի՝ Իլհամ Ալիեւն իմ մեծ ախպե՞րն է, իր նման ասի՝ Իլհամ Ալիեւը կառուցողակա՞ն է. ի՞նչ ասեն էդ մարդիկ: Մի կողմից, ընդամենը մի քանի ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, մյուս կողմից՝ խորհուրդներ է տալիս. էդ խորհուրդներդ պահի քեզ, քո խորհուրդներն ու գործողությունները կործանել են Արցախն էլ, Հայաստանն էլ: Նա ի՞նչ բարոյական իրավունք ունի խորհուրդ տա, այն էլ արցախցիներին: Իր պատճառով է այս ամեն ինչը: Ոնց որ Բերիան, 1937 թվականին, ինչ-որ մեկնի, ինչ-որ խորհուրդ տար… արցախցիներին հորդորում է… բլոկադայի մեջ հայտնված արցախցին ի՞նչ անի, ինքը ի՞նչ է առաջարկում, գնան թուրք «էկոլոգների» հետ միանան՝ ասեն՝ «Ղարաբաղ բիզիմդի՞ր»:
Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին ասելու ոչինչ չունի, նա հասարակությանն է դիմում. «Նիկոլ Փաշինյանը, եթե ասում է՝ լարվածություն մի ստեղծեք, ուզում է ասի՝ հայտարարեք Ալիեւին, որ դուրս ե՞ք գալիս Արցախից: Ինքը Արցախը հայաթափելու կո՞չ է անում: Չպայքարելու այլընտրանքը հայաթափումն է: Դա դավաճանական հայտարարություն է»:
Հիշեցնելով 44-օրյա պատերազմի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է եւ, վերջ», Էդուարդ Շարմազանով ասում է, որ այն ժամանակ միտումնավոր «կրակի վրա բենզին լցրեց, հողերը պատերազմով տվեց, հիմա էլ անցել է երկրորդ սերիային»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ