ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի հիմնադիր Աուստեյա Լանդսբերգիենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները` շեշտելով, որ ՀՀ-ում ընդունված Հանրակրթության նոր չափորոշչով շեշտադրվում է լեզուների բարելավման կարևորությունը: Այդ նպատակով վերափոխվում է նաև ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգը, մշակվում են նոր դասագրքեր, ուսումնական նյութեր: Նա նաև նշել է, որ պետության կողմից առաջնային նշանակություն է տրվում ԲՏՃՄ` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսուցման բարելավմանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները: Նա նաև անդրադարձել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման խնդրին՝ ներկայացնելով պետության կողմից ձեռնարկվող քայլերը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը կրթության բնագավառում` որպես առաջնահերթություն դիտարկելով շարժունության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ