Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավետիսյանների սպանությունն այդպես էլ չբացահայտվեց, բայց ես ունեմ ի՛մ վարկածը»․ գյումրեցիները՝ սպանդի շարժառիթի մասին

Հունվար 12,2023 17:35

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր  սպանությունից անցել է 8 տարի, սակայն այն շատերի համար մնաց առեղծվածային, չբացահայտված:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ նորություն դեռ չկա Եվրոպական դատարանից։ Արթուր Սաքունցը՝  որպես Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ, դիմել  էր Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։

Գյումրիում տարիներ անց պնդում են, որ սպանության պատվիրատուն այդպես էլ մնաց անհայտ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես երբևիցե չեմ հավատացել, որ այդ սպանությունը կբացահայտվի ու երբևիցե չեմ հավատացել, որ դա մեկ հոգու ձեռքի գործ է եղել։  Ինձ համար բացարձակ անընդունելի է եղել այն միտքը, որ սպանությունը տեղի է ունեցել մեկ ավտոմատի կիրառմամբ։ Ով լսել է ավտոմատի կրակոցը, կասի, թեկուզ ուշ ժամի 7 հոգու սպանեին՝ ավտոմատ կիրառելով՝ առանձին-առանձին երեք սենյակներում սպանելով տարբեր մարդկանց, միևնույնն է, անհնար է պատկերացնել, որ խիտ բնակեցված Արցախ թաղամասի այն հատվածում, որտեղ Ավետիսյանների տունն է, մարդիկ չէին լսելու կրակոցի ձայները։

Տարիներ անց ես իմ ենթադրությունները կարող եմ անել այս սպանության վերաբերյալ, նախ, ասենք, ո՞վ էր Պերմյակովը, անձ, որը ամերիկյան բապտիստական եկեղեցու հետևորդ է եղել Իրկուտսկի մարզում, որտեղ բնակվել է։ Երկրորդը՝ չեմ հավատում, որ նա մենակ է գործել սպանությունը, եթե իհարկե գործել է։ Ես իմ վարկածն ունեմ, որ դա հակառուսական ծրագրի կարևորագույն մաս էր։ Բազմիցս եմ ասել, նորից եմ կրկնում՝ Ավետիսյանների ընտանիքը պատահական չէր ընտրվել, որովհետև արագ դատարկվող Հայաստանում, հատկապես` Գյումրիում, շատ քիչ կարելի է հանդիպել ընտանիքիներ, որտեղ ապրում են երեք սերունդների ներկայացուցիչներ։

Ես գտնում եմ, որ սա հակառուսական ծրագիր է, գլխավոր նպատակը հակառուսական մեծ ալիքի բարձրացումն էր Գյումրիում, փորձեր եղան սպանություից օգտվելու, հակառուսական հիստերիա բարձրացնելու, բայց չստացվեց այդ ժամանակ։ Գուցե տարիներ անց մի փոքր մեղմվել է գյումրեցիների մեծ ցավը, բայց  այս քաղաքի բնակիչները երբեք չեն մոռանա այս ողբերգությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը չի բացառում, որ այս սպանության հետևում կանգնած են ադրբեջանաթուրքական համապատասխան ծառայությունները։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներին սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, բայց թե որտե՞ղ է կրում իր պատժիը, կրո՞ւմ է, թե՞ ոչ, այս մասին որևէ հստակ տեղեկություն չկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031