«Ցավոք, իրավիճակը բարդանում է, որովհետեւ բոլոր տեսակի ապրանքների պակաս կա։ Որոշ ապրանքներ ընդհանրապես չկան։ Միրգ- բանջարեղենի խանութները վաղուց փակ են»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։
«Բազմաթիվ տարածքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, այդ թվում՝ ջերմատներ, այգիներ, ցանքատարածություններ։ Պաշարներ կան, բայց դա ողջ բնակչության համար հերիք չէ։ Աշխատում ենք, որ պահուստային ֆոնդից պարենամթերքը բաշխվի հավասար եւ ժամանակին։ Գյուղատնտեսական բոլոր աշխատանքները դադարեցված են, վառելիքի խնդիր կա։ Վստահ չենք, որ Ադրբեջանը նորից գազը չի անջատի։ Դա մեծ վնաս է հասցնում մեր գյուղատնտեսությանը։ Տեղական ռեսուրսների վրա ենք, որովհետեւ երեք օր է՝ էլեկտրամատակարարում չունենք»,-շեշտեց նախարարը։
Հրանտ Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողություններն ուղղված են նրան, որ տեղի բնակչությունը լքի իր հայրենիքը, բայց արցախցիներն ընտրել են պայքարի ճանապարհը։
Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն (լուսանկարում) էլ իր հերթին նշեց, որ շրջափակման հետեւանքով դեկտեմբերին նախատեսված բյուջեի ծախսերի եւ պարտավորությունների մի մասը կատարվելու է 2023թ․-ի ընթացքում․ «Բազմաթիվ ընկերություններ աշխատելու հնարավորություններ չունեն, ինչը նվազեցնում է հարկային մուտքերը։ Հազարից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսների փակում է տեղի ունենում ցավոք։ Այս տարվա բյուջեն էականորեն փոխելու է իր կառուցվածքը։ Հուսանք՝ ֆինանսական ճգնաժամը կհաղթահարենք տարբեր ծրագրերի իրականացմամբ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ