Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՊՀ գիտական խորհուրդը մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ

Հունվար 12,2023 15:55

Ս. թ. հունվարի 11-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:

Օրակարգում հետևյալ հարցերն են․

1․ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ընտրություն։
2․ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ասպիրանտների և հայցորդների ատեստավորում:
3․ Այլ հարցեր։

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միաձայն հաստատվեցին գիտական խորհրդի կողմից:

Նիստի ավարտին գիտական խորհրդի կողմից միաձայն ընդունվեց ««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ» խորագրով հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև՝

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ

ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները` չնայած նիստն անցել է սահմանված կարգի բոլոր կետերի խստագույնս պահպանմամբ՝ առանց որևէ խախտման: Քվեարկության արդյունքներն արձանագրվել և ստորագրվել են հինգ անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովի կողմից, որը նախագահում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին՝  քվեարկությունից հետո նա բարձրաձայն ընթերցել է արդյունքները, և հոգաբարձուների խորհրդը միաձայն՝ բոլոր 20 անդամների կազմով, բաց քվեարկությամբ հաստատել է դրանք։ Նիստի տեսաձայնագրությունը համալսարանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստը: Ռեկտորի ընտրությանը հաջորդող առաջին աշխատանքային օրը հրաժարականներ ներկայացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այս հրաժարականներին հաջորդեց համալսարանի հոգաբարձուների խորհրդի լուծարումը. 2022 թ. վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, ԿԳՄՍ նախարարը գրությամբ հայտնեց համալսարանին հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին:

Համբարձում Մաթևոսյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, դեկտեմբերի 9-ին նախագահել է նիստը և կողմ քվեարկությամբ հաստատել ընտրության արդյունքները, սակայն առ այսօր չի ստորագրել հոգաբարձուների խորհրդի՝ դեկտեմբերի 9-ի նիստի արձանագրությունը և ընտրության արդյունքների մասին որոշումը: Ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը, քայլեր չձեռնարկելով և փաստացիորեն պաշտպանելով Կառավարության որդեգրած դիրքորոշումը, նշում է, որ չստորագրված արձանագրությունը և որոշումը խոչընդոտ են ընտրության արդյունքները հաստատելու համար։

Համալսարանի գիտական խորհուրդը կոչ է անում պետական բոլոր կառույցներին դադարեցնել նման գործելաոճը, ինչը ստեղծում արհեստական ճգնաժամ ու խոչընդոտում է բուհի բնականոն գործունեությանը, և հայտնում իր անսասան աջակցությունը օրինականորեն ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031