Վերջին շրջանում հանքարդյունաբերական ընկերությունները շատ ակտիվ գործունեություն են սկսել ծավալել, նույնիսկ այնպիսի ընկերություններ, որոնք նախկինում զրկված են եղել լիցենզիաներից և վերականգնվել են դատական կարգով: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Նրա խոսքով՝ քանի որ անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքներն ակնհայտ երևում են ազդակիր-համայնքներում՝ տեղի բնակչությունն ինքն է շատ հաճախ ընդվզում դրանց դեմ: Հաշվի առնելով բնապահպանական թերի օրենսդրական դաշտի առկայությունը՝ Զարաֆյանը կարևորեց կառավարության դերը «անպատասխանատու բիզնեսի հարցում»:
«Վերջին շրջանում տարբեր նարատիվներով, տարբեր ձևերով են փորձում ճնշել բնապահպաններին, մեկին՝ դատական կարգով, մյուսին՝ նորաստեղծ ֆեյքերի միջոցով: Հետաքրքիր է, որ բավականաչափ շուտ է սկսվել այն նարատիվը, թե բնապահպաններն, իբր, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, թե իբր կարող են գնալ նրանց հետ Լաչինի միջանցքը փակել: Եթե մենք ուշադիր լինենք, վերջին ամիսներին տարբեր համայնքներում տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ բնապահպաններին կամ ակտիվիստներին, նույնիսկ իրենց համայնքը պաշտպանող բնակիչներին անվանում էին «թուրք», «ադրբեջանցի»: Դա նշանակում է, որ այդ նարատիվը ինչ որ մի տեղ զարգացվում է: Դրան էլ գումարենք, որ «Ամուլսարի» գործով, երբ կառավարության, իշխող կուսակցության կամ օրենսդիրր մարմնի որոշակի ներկայացուցիչներ թույլ են տվել ասել, թե՝ մի գուցե Ամուլսարում պայքարողները ոչ բոլորն էին ազնիվ: Կամ հենց հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման ժամանակ նախաձեռնողները շատ էին ցանկանում, որպեսզի ռազմավարության մեջ լինի կետ, որը կառաջացներ իրավական հետևանքներ խաղաղ ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ»,- նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Քննարկմանը մասնակցում է նաև «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, որի դեկտեմբերի 1-ին արված ֆեյսբուքյան գրառման դեմ ԶՊՄԿ-ի ներկայացուցիը դատական հայց է ներկայացրել Երևանի Առաջին ատյանի դատարան. պահանջում է հերքում և վնասի փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։ Սա էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպվի քննարկում՝ «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ