Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կան արական օրգաններ, բայց ինքը կին է գենետիկորեն՝ 2 X քրոմոսոմով կամ հակառակը». ՔՊ-ականները բացատրում են՝ ինչու են «չճշտված սեռ» ավելացրել փաստաթղթում

Հունվար 12,2023 15:41

Այսօր ԱԺ աողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Քաթարի ու ՀՀ-ի միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց. «Նախարարի մակարդակով պոլիկլինիկաներին տրվել է հրաման, ըստ որի, երեխաների հիվանդության, առողջության պատմագրի մեջ պետք է ներառել կետ՝ սեռը նշելու իգական, արական եւ ավելացվել է երրորդ տարբերակը՝ «չճշտված»: Դուք, որպես պետական քաղաքականություն մշակողներ, ի՞նչ եք ենթադրում «չճշտված» եզրույթի տակ, կա՞ն ուսումնասիրություններ, թե որքա՞ն է Հայաստանում այդ չճշտված տարբերակով մարդկանց թիվը, ինչ տոկոսային ներկայացվածություն կա, որ կարող ենք սեռի չճշտված տարբերակն օգտագործել, եւ արդյոք հետագայում չի՞ կարող չճշտված սեռ ունեցողների հիվանդությունն ազդել՝ օգտագործելու այլ նպատակների համար»:

Նանուշյանն ասաց, որ հարցը գրավոր ուղղի:

Հարցին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ասելով. «Դա այնքան պարզունակ հարց է, որ կարելի էր ուղղակի որեւէ բժշկի հարցնել, ոչ թե հարցը հանրային բարձրացնել, ֆեյսբուքում գրառումներ անել, վստահ եմ, որ այս հարցը լիագումար նիստերին էլ է տրվելու ձեր խմբակցության կողմից: Փաստաթղթի մեջ «չճշտված սեռ»-ի կողքը փակագծի մեջ նշված է՝ մինչեւ գենետիկ քննությամբ սեռի որոշելը: Լինում են դեպքեր, երբ ծննդյան պահին սեռը հնարավոր չի լինում ճշտել: Միայն գենետիկ անալիզի արդյունքում է, որ որոշվում է քրոմոսոմների համադրությունը եւ սեռը: Սա միշտ եղել է, ուղղակի նախկինում գործող ձեւաթղթում բժիշկը գրիչով ավելացրել է դա՝ մինչեւ գենետիկ անալիզով կպարզվեր: Հիմա փոփոխություն է եղել, որպեսզի ավելորդ գրառում չիրականացնի բժիշկը, ուղղակի ձեւանմուշի մեջ տվյալ վանդակում նշում կատարի, մինչեւ հնարավոր կլինի սեռը ճշտել: Իմ հիշելով, 10 հազարից 1 դեպքում լինում է այդ խնդիրը: Գենետիկ խնդրի արդյունքում, հորմոնալ խանգարումների, մակերիկամի հետ կապված խնդրի արդյունքում լինում են նման դեպքեր»:

Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ գենետիկ քննությունը ի՞նչ ժամկետում պետք է արվի ու ինչքա՞ն ժամանակ պետք է այդ «չճշտված» բաղադրիչը մնա: Զեյնալյանն արձագանքեց, որ Կյուրեղյանի մտահոգությունները, մանիպուլյացիայի դաշտ տանելն անտեղի է. «Գենետիկ անալիզից հետո սեռը ճշտված նշվելու է»:

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը «մատից ծծած» անվանեց այս թեման ու հայտարարեց. «2009-ին դեռ հաստատված ծննդի մասին բժշկական վկայականում, որը վերահաստատվել է 2017-ին, կրկին նշված է, որ կա «չորոշված սեռ»-ի տարբերակ: Երբ որ մենք սովորում էինք Բժշկականում, մեզ բացատրում էին, որ կան գենետիկական անոմալիաներ, երբ ծնման պահին հնարավոր չի երեխայի սեռը որոշել: Կեղծ արական, կեղծ իգական սեռ ունեն, երբ որ կան արական օրգաններ, բայց ինքը կին է գենետիկորեն՝ 2 X քրոմոսոմով կամ հակառակը՝ երբ կա X Y քրոմոսոմ, բայց կնոջ սեռական օրգաններով: Դրա համար բժշկությունը որոշել է, որ այդ պահին, մինչեւ գենետիկական անալիզը կլինի, մենք չենք ֆիքսում որեւէ փաստաթղթում: Սրանից էլի սարքել ինչ-որ «ավանդական արժեքներ», «հայու գեն», ես շատ գիտեմ ինչ՝ ինձ թվում է, արդեն բոլորը հասկացել են, որ անիմաստ է, ու այդ հերթական խավարամտությունը, որ փորձվում է մտցնել մեր ոչ այնքան պարզ քաղաքական օրակարգ, ժամանակավրեպ է: Սրանք շատ կոնկրետ շրջանակներից ուղղորդված մեսիջներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031